
Կարեւորելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներդրումը ֆրանկոֆոնիայի զարգացման հարցում, ՀՀ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը փաստեց. «Հատկապես կրթական, գիտական եւ մշակութային կապերը թույլ են տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը բերել նաեւ տնտեսական դաշտ, որի խնդիրները Հայաստանում գերակա են: Կիրառելով ֆրանկոֆոնիայի անդամ երկրների նորարարական փորձը` Հայաստանը հնարավորություն կունենա լուծել դրանք»:
ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը նախարարի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին` ներկայացնելով Էդ. Նալբանդյանի ուղերձը: «Հայաստանի համար ֆրանսախոսությունն ամրապնդող գործոն է միջազգային առեւտրատնտեսական հարաբերություններում, եւ մենք շահագրգռված ենք Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների` մեր երկրում արված ներդրումներով, ինչը նպաստում է ֆրանսախոսության ամրապնդմանը»,-ասված էր ուղերձում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն տնտեսական ֆրանկոֆոնիան մարտահրավեր համարեց` համաշխարհային առաջընթացի գործում. «Այն հեռանկարներ ունեցող, շոշափելի իրականություն է, որը կախված է միայն ֆրանսախոսներից: Նրանք չպետք է մոռանան իրենց լեզուն եւ հնարավորինս օգտագործեն այն»:
Նշենք, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման շրջանակում նախատեսվում են շուրջ 250 մշակութային, կրթական եւ բուհական միջոցառումներ: Առաջիկայում, Ա. Ռենոյի աջակցությամբ կկազմակերպվի միջազգային քննարկում` գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































