«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կասկածի տակ է առնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծախսերի համապատասխանելիությունը թույլատրելի չափերին: Նա Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հաստատված կուսակցությունների արտաքին գովազդների քանակին, որով ԲՀԿ-ն առաջատար դիրքերում է՝ 164 վահանակ օգտագործելու մասով, դժգոհեց, որ մյուս կուսակցությունների համար անհավասար ընտրապայքար են ստեղծում. «Կարծում եմ պետք է աչալուրջ հետեւեն իրենց ֆինանսներին, որ դուրս չգան սահմանված չափից: Ուրիշ բան՝ իրենց նախահաշիվներում ինչ ցույց կտան, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ծախսերով կգերազանցի բոլոր թույլատրելի ֆինանսավորման սահմանները : Լուծումը կլինի այն, երբ պատկան մարմինները հաշվեն՝ ԲՀԿ-ն ինչքան գումար է ծախսել, թույլատրելի գումարի մեջ տեղավորվու՞մ է , թե ՝ոչ »:
Տիկին Բախշյանի կարծիքով, ընդդիմադիր ուժերի ծախսերը կուսումնասիրվեն, բայց ԲՀԿ-ի նկատմամբ նույնը չի արվի. «Որը, կոալիցիայի մեջ գտնվելով, այս օրերին փորձում է տիրանալ ընդդիմադիր հատվածի ձայներին անազնիվ ձեւերով»: Վերջում էլ՝«ԲՀԿ-ի խոսքը գործին հակասում է» մտքով եզրափակեց տիկին Բախշյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: