
Նա, նկատի ունենալով բարձրախոսներով ՀԱԿ-ի հանրահավաքն ընդհատող ոստիկաններին՝ նրանց հիշեցրեց Մարգար Օհանյանի ու Հովհաննես Թամամյանի պատմությունը. «Ո՞ւմ միջոցով են իշխանությունները պայքարում մեր ժողովրդի դեմ՝ մեր գյուղապետերի, ոստիկանության, դատախազության, ուժային մարմինների: Միթե՞ որեւէ ոստիկան, կամ ոստիկանապետ Թամամյան Հովիկից ավելի շատ է ծառայել այս ռեժիմին, հիմա ո՞ւր է Թամամյան Հովիկը: Թող իրենք վկայակոչեն որեւէ պետավտոտեսչության պետի, որը Մարգար Օհանյանից ավելի պարկեշտ է եղել: Հիմա ո՞ւր է Մարգար Օհանյանը, այնպես որ սիրելի ոստիկաններ, ձեր ապօրինի հայտարարությունը մի արեք: Սա հանրահավաք չէ, սա ինքնաբուխ հավաք է այս երկու գյուղերի բնակիչների հետ: Մի՛ ծառայեք այս ռեժիմին, մի՛ վարկաբեկեք ձեր ուսադիրները: Մարդիկ թալանել են այս երկիրը, կործանել են: Ընդամենը 10 տարի առաջ ամեն զորակոչին 13 հազար զինվոր էր զորակոչվում, այսօր 6000 էլ չեն կարողանում զորակոչել, որովհետեւ երկիրը դատարկվել է: Որպես նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ եմ ասում՝ եթե նախկինում ինչ-որ արդարություն եղել է, դատարանի ինչ-որ ինքնուրույնություն եղել է, հիմա բացարձակ գոյություն չունի: Դատավորները ոստիկանական օպերից ավելի կամազուրկ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































