
Հետևաբար ստացվում է, որ ստվերային քաղաքականության մեջ ԲՀԿ-ին մեղադրող ՀՀԿ-ն, ինքն էլ ազնվորեն չի համարձակվում հայտարարել, որ Բարգավաճ Հայաստանի հետևում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները: Այսինքն` ՀՀԿ-ն էլ իրականում ազնիվ չէ: Սակայն հնարավոր է նաև, որ այստեղ խոսքը ոչ միայն անազնվության մասին է, այլ նաև վախի: ՀՀԿ-ն պարզապես վախենում է տալ Քոչարյանի անունը: Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ն վախենում դրանից: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն վախենում Քոչարյանին մեղադրել Բարգավաճ Հայաստանի միջոցով իշխանական հավակնություններ սպասարկելու և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու համար: Ըստ երևույթին այստեղ պատճառները երկուսն են:
Նախ, այդ դեպքում բացահայտելով Քոչարյանին` Հանրապետականը, երևի թե, ստիպված է լինելու արդեն բացահայտ հակադրության մեջ մտնել նրա հետ և այդ պայմաններում մեծ է իշխանության համակարգի երկփեղկման վտանգը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն խաղում են զգալի պայմանավորվածությունների շրջանակում, փորձելով այդ խաղարկության միջոցով ստեղծել շահերի բավական բանուկ մի խաչմերուկ, հնարավորինս ապակենտրոնացնել դաշտն ու հասկացությունները, և այդպիսով հնարավորություն ստանալ հնարավորինս «անարյուն» վերարտադրության համար: Դժվար է գտնել մեկ ուրիշ պատճառ այն բանի, որ ՀՀԿ-ն համառորեն ակնարկում, բայց նույնքան համառ էլ վախենում է կամ խուսափում է տալ Ռոբերտ Քոչարյանի անունն ու բացահայտել նրա քաղաքական հավակնությունները:
Ուշագրավն էլ այստեղ այն է, որ չի բացահայտվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրա պարագայում, երևի թե, ոչ այնքան վախն է խոսում, այլ այն, որ նա, երևի թե, չի ցանկանում, այսպես ասած, վախեցնել Հայ ազգային կոնգրեսին, քանի դեռ Կոնգրեսը հաստատուն քայլերով հայտնվում է իր ծուղակի մեջ: Ընդ որում` հնարավոր է նաև առավել վատագույն տարբերակ, երբ Կոնգրեսն ինքն է խնդրում Քոչարյանին հանկարծ չերևալ, որովհետև այդ դեպքում կասկածելի կլինի Կոնգրեսի «չվախենալը»:
Կարդացեք նաև
«Ժամանակ»


















































