Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի համարձակվում հայտարարել, որ ԲՀԿ-ի հետևում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները

Ապրիլ 12,2012 10:57

Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ տնտեսական ստվերից ավելի վտանգավոր է քաղաքական ստվերը, երբ կուսակցությունը ստվերային քաղաքականություն է վարում և ազնվություն չունի հայտարարելու, թե ում է սատարելու նախագահական ընտրություններում: Ակնհայտ է, որ ՀՀԿ այս հայտարարությունները վերաբերում են ամենից առաջ Բարգավաճ Հայաստանին, և նաև հստակ նկատի է առնվում այն, որ ԲՀԿ միջոցով ստվերային քաղաքական գործունեություն է ծավալում նաև Ռոբերտ Քոչարյանը: Թե՛ ՀՀԿ փոխնախագահ և կրթության ու գիտության նախարար Աշոտյանը, թե՛ այլ ՀՀԿ-ականներ այդ մասին նոր չէ, որ ակնարկում են, սակայն ուշագրավ է, որ նրանցից որևէ մեկը չի տալիս Ռոբերտ Քոչարյանի անունն ու չի համարձակվում հայտարարել, թե ԲՀԿ հետևում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին և իշխանության վերադառնալու, իշխանությունը վերցնելու նրա ստվերային փորձերը:

Հետևաբար ստացվում է, որ ստվերային քաղաքականության մեջ ԲՀԿ-ին մեղադրող ՀՀԿ-ն, ինքն էլ ազնվորեն չի համարձակվում հայտարարել, որ Բարգավաճ Հայաստանի հետևում տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները: Այսինքն` ՀՀԿ-ն էլ իրականում ազնիվ չէ: Սակայն հնարավոր է նաև, որ այստեղ խոսքը ոչ միայն անազնվության մասին է, այլ նաև վախի: ՀՀԿ-ն պարզապես վախենում է տալ Քոչարյանի անունը: Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ն վախենում դրանից: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն վախենում Քոչարյանին մեղադրել Բարգավաճ Հայաստանի միջոցով իշխանական հավակնություններ սպասարկելու և ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու համար: Ըստ երևույթին այստեղ պատճառները երկուսն են:

Նախ, այդ դեպքում բացահայտելով Քոչարյանին` Հանրապետականը, երևի թե, ստիպված է լինելու արդեն բացահայտ հակադրության մեջ մտնել նրա հետ և այդ պայմաններում մեծ է իշխանության համակարգի երկփեղկման վտանգը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն խաղում են զգալի պայմանավորվածությունների շրջանակում, փորձելով այդ խաղարկության միջոցով ստեղծել շահերի բավական բանուկ մի խաչմերուկ, հնարավորինս ապակենտրոնացնել դաշտն ու հասկացությունները, և այդպիսով հնարավորություն ստանալ հնարավորինս «անարյուն» վերարտադրության համար: Դժվար է գտնել մեկ ուրիշ պատճառ այն բանի, որ ՀՀԿ-ն համառորեն ակնարկում, բայց նույնքան համառ էլ վախենում է կամ խուսափում է տալ Ռոբերտ Քոչարյանի անունն ու բացահայտել նրա քաղաքական հավակնությունները:

Ուշագրավն էլ այստեղ այն է, որ չի բացահայտվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց նրա պարագայում, երևի թե, ոչ այնքան վախն է խոսում, այլ այն, որ նա, երևի թե, չի ցանկանում, այսպես ասած, վախեցնել Հայ ազգային կոնգրեսին, քանի դեռ Կոնգրեսը հաստատուն քայլերով հայտնվում է իր ծուղակի մեջ: Ընդ որում` հնարավոր է նաև առավել վատագույն տարբերակ, երբ Կոնգրեսն ինքն է խնդրում Քոչարյանին հանկարծ չերևալ, որովհետև այդ դեպքում կասկածելի կլինի Կոնգրեսի «չվախենալը»:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30