
Կամ միամիտ է ՀՀԿ-ն, որ մինչև հիմա իր կողքին է պահում ԲՀԿ-ին և նրան չի զրկում նախարարական պորտֆելներից ու քվոտաներից: Կամ ԲՀԿ-ն է միամիտ ու չի հասկանում, որ Կոնգրեսին միանալը նշանակում է միանալ մարտի 1-ի լիարժեք բացահայտման գործընթացին, այն դեպքում, երբ Կոնգրեսը օլիգարխների հստակ անվանացուցակ էր ներկայացրել, թե ում թիկնազորը ինչ մասնակցություն էր ունեցել մարտի 1-ի դեպքերին: Եվ այդ ցուցակում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Ու Կոնգրեսը կարծես թե մինչև հիմա չի հայտարարել, որ Ծառուկյանի հարցում սխալվել է և հանում է նրա թիկնազորին մարտի 1-ի մասնակիցների ցանկից: Հիմա ի՞նչ, Ծառուկյանը պատասխանատո՞ւ է մարտի 1-ի համար, թե՞ ոչ: Երբ Կոնգրեսը գա իշխանության, Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ է իր թիկնազորի գործողությունների համար, թե՞ ոչ: Ծառուկյանն այդ ամենի մասին երաշխիքներ ստանալո՞վ է, որ գնում է Կոնգրեսի հետ համագործակցության` գուցե նպաստելով Կոնգրեսի իշխանության գալուն: Իսկ Ծառուկյանը միայն ի՞ր անձեռնմխելիության համար է երաշխիքներ ստացել կամ ակնկալում, թե՞ նաև Ռոբերտ Քոչարյանի, որին Կոնգրեսը պատրաստվում էր Հաագայի դատարանի առջև կանգնեցնել: ԲՀԿ-ն նաև Կոնգրեսի ա՞յդ նախաձեռնությանն է միանալու:
Ինչպես տեսնում եք, ներկայիս քաղաքական խաղի միայն մի դրվագը առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չափազանց էական են Հայաստանում համակարգային իշխանափոխության խնդրի տեսանկյունից, երբ ոչ թե միայն անձինք և դեմքերը, այլ համակարգի որակը կփոխվի, մինչդեռ լինելով այդքան կարևոր, այդ հարցերը այսօր պատասխան չունեն: Թե՛ Կոնգրեսը, թե՛ առավել ևս ԲՀԿ-ն այդ հարցերի մասին ակնարկ անգամ չեն անում` թերևս հասկանալով, որ ասելու բան պարզապես չունեն, որովհետև այդ պայմաններում ինչ էլ որ ասեն, բումերանգի նման ուղղելու են իրենց իսկ վրա, ու նաև Հայաստանում համակարգային փոփոխությունների հանրային ակնկալիքների, հույսերի վրա:
«Ժամանակ»


















































