
«Առավոտի» հարցին` իսկ շտաբ ձեռք բերելու հետ կապված խնդիրնե՞ր չեք ունեցել, տիկին Բախշյանը պատասխանեց. «Որեւէ դժվարություն չեմ ունեցել: Շտաբի համար տարածք` պայմանագրով, կադաստրով եւ այլն, վարձել եմ ապրիլի 1-ից: Այ, մարզերում մեր` «Ժառանգության» առաջ խնդիրներ են դնում: Երեկ, օրինակ, Արագածոտնում էինք, ասացին, որ պիտի զգուշացնեինք, նոր գայինք: Հարցրեցի` ինչի՞ հիման վրա եք պահանջում, որ զգուշացնենք, ասում են, թե` «Հանրաքվեի մասին օրենքով», ասացի` գուցե` Հանրահավաքների մասին օրենքով, ասում է, թե` հա, հանրահավաքների: Բացատրեցի, որ դա լրիվ այլ բան է, մենք քարոզարշավ ենք անում, հանրահավաք չենք անում: Սա ԿԸՀ կողմից հայտարարված քարոզարշավ է, պարտավոր չենք ձեզ գրավոր տեղեկացնել»:
Ասուլիսի ընթացքում տիկին Բախշյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ մրցակիցների կողմից ոչ քաղաքակիրթ քայլ չի նկատել, «ընթանում է նորմալ քարոզարշավ, ամեն մարդ իր ձեւերով, իր մեթոդներով, իր երեւակայությանը համապատասխան քարոզարշավ է անում»: «Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Պետրոսյանը Մհեր Սեդրակյանի հետ առանձին հանդիպում է ունեցել, եւ դեռ Սեդրակյանն էլ, կամ ՀԱԿ-ում ընդունված ձեւով ասված` Թոխմախի Մհերն էլ ասել է, որ կնախընտրեր, որ թիվ 12-ում տեղի բնակիչ անցներ, օրինակ, նույն Տիգրան Տեր-Պետրոսյանը»` «Առավոտի» այս հարցին տիկին Բախշյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում, թե Մհեր Սեդրակյանը ինչ «բազարների» մեջ է մտել, ում հետ է մտել: Ասում են, որ տեղեր առնել– ծախելու խոսակցություն է գնացել: Ես այդ «բազարներին» չեմ մասնակցում, ես ընտրության եմ գնում, ես տվել եմ մեր հասարակությանն այն չափորոշիչները, որով ինձ կարող են գնահատել, եւ այդ չափորոշիչների մեջ նման բազարները չեն մտնում»:
Մեր մյուս հարցին` ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը, որ նույնպես ձեր մրցակիցն է, ձեր գործընկերն է եղել ԱԺ-ում, դա ձեզ օգնում, թե խանգարում է մրցակցության մեջ, տիկին Բախշյանը պատասխանեց. «Լյովան իմ գործընկերն է եղել, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ընկերական, չէի ուզի մրցակցել նրա հետ` ճիշտն ասած, բայց մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր առաջարկներով, տարբեր պատկերացումներով, թող ժողովուրդը որոշի` ում է ընտրում»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































