Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Դանիել Իոանիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի հայցի նախնական քննությունը՝ ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության: «Մեկ ազգ» կուսակցությունը ներկայացնում էր կուսակցության նախագահ, պատասխանող ճանաչված Գոռ Թամազյանը: Դատավոր Անի Մխիթարյանը փորձեց ճշտել, թե մասնավորապես՝ պատվի-արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վնասը ինչում է արտահայտվել: Դանիել Իոանիսյանն ասաց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մեկ ազգ» կուսակցության էջում (կայքում) արվել են վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ, վիրավորանքներ, որոնք նսեմացրել են իրենց պատիվը եւ արժանապատվությունը, գործարար համբավը: Հայցվորը պահանջում էր, որպեսզի պատասխանողը հրապարակավ ներողություն խնդրի եւ որպես բարոյական վնասի հատուցում՝ վճարի 10 դրամ. «Գումարը սիմվոլիկ է, մենք չենք կարող գնահատել մեր արժանապատվությունը, պատիվը»:


Հայցվոր կողմը գտնում էր, որ զրպարտությունը եւ վիրավորանքը ակնհայտ է, մասնավորապես Դ. Իոանիսյանն ասաց, որ ինքը զբաղվում է իրավունքների պաշտպանությամբ եւ պնդում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ սեռական պատկանելությունից: «Մեկ ազգը» այսպիսի արտահայտություն էլ էր սոցիալական ցանցում տեղադրել. «Պիտի համասեռամոլ լինես, որպեսզի լինես երիտթեւի անդամ: Աշխատավարձը միայն գրանտի ձեւով է, պայմանը մեկն է՝ քարոզի անբարոյականություն»: Թե ինչ իրավական փաստաթղթով պիտի դատարանը «քարոզի անբարոյականություն» եւ նման կարգի արտահայտությունները գնահատի, որոնցով ողողված են սոցիալական ցանցերը (իբրեւ ազատ կարծիքի արտահայտման ձեւ), կպարզվի հունիսի 1-ին, ժամը 14.30-ին նշանակված դատական նիստում:
Կողմերն իրենց դիրքորոշումներում կարծր էին, հաշտության մասին ավելորդ հնչեց դատարանի կողմից առաջարկը: Պատասխանող Գոռ Թամազյանն ասաց. «Եթե ներողություն կխնդրեն «Մեկ ազգից»՝ Խաչիկ Ասրյանին ուղղված հիտլերական նյութերի համար…», սակայն չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ հայցվորը ցատկեց տեղից՝ ասելով. «Պահանջում եմ, որպեսզի «Մեկ ազգը» իր ենթակայքում հրապարակավ ներողություն խնդրի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ



















































