Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ազգը» ներողություն կխնդրի՞ «Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չի» արտահայտության համար

Ապրիլ 16,2012 17:42

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Դանիել Իոանիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի հայցի նախնական քննությունը՝ ընդդեմ «Մեկ ազգ» կուսակցության: «Մեկ ազգ» կուսակցությունը ներկայացնում էր կուսակցության նախագահ, պատասխանող ճանաչված Գոռ Թամազյանը: Դատավոր Անի Մխիթարյանը փորձեց ճշտել, թե մասնավորապես՝ պատվի-արժանապատվության եւ գործարար համբավին հասցրած վնասը ինչում է արտահայտվել: Դանիել Իոանիսյանն ասաց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մեկ ազգ» կուսակցության էջում (կայքում) արվել են վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ, վիրավորանքներ, որոնք նսեմացրել են իրենց պատիվը եւ արժանապատվությունը, գործարար համբավը: Հայցվորը պահանջում էր, որպեսզի պատասխանողը հրապարակավ ներողություն խնդրի եւ որպես բարոյական վնասի հատուցում՝ վճարի 10 դրամ. «Գումարը սիմվոլիկ է, մենք չենք կարող գնահատել մեր արժանապատվությունը, պատիվը»:

Պատասխանողն ասաց, որ տվյալ էջը ֆեյսբուքում հայտնի է որպես աֆորիզմների էջ, ապաքաղաքական բնույթի է եւ, որ վիճարկվող հրապարակումը էջի վերահսկիչ Կարապետ Թումանյանինն է: Պատասխանողը հայտնեց, որ ինքը չի պատրաստվում պատասխան տալ Կարապետ Թումանյանի փոխարեն: Դատավորի այն հարցին, թե ո՞ր արտահայտություններն են համարվում զրպարտչական եւ վիրավորական, հայցվոր Դանիել Իոանիսյանը ներկայացրեց իրեն «բաժին ընկածը»՝ «անբարո բարքերի տուրք տվող, այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չի» արտահայտությունները: Նա ասաց, որ ինքը ազգությամբ հայ է եւ «որեւէ տեղ խեղկատակ չեմ աշխատել»:

Հայաստանի միակ սատանիստ Բայանդուր Պողոսյանին էլ վիճարկվող էջում բաժին էր հասել հետեւյալը. «Լեւոնական երիտթեւի գաղափարական վիժվածքը, որն առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը»: Երրորդ հայցվորին՝բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանին ֆեյսբուքը մեղադրել էր սեռական հեղափոխության կողմնակից լինելու մեջ: Նա հարցրեց դատարանին՝ որտեղի՞ց պատասխանողին այդ դիտարկումները, որ ես սեռական հեղափոխության վառ կողմնակից եմ: Դատարանին հետաքրքրում էր, թե ինչ ասել է սեռական հեղափոխություն, կողմն ինչպես է պատկերացնում այն: Պատասխանողը գտնում էր, որ ով հակասում է Հայ առաքելական եկեղեցուն, քրիստոնեական պատվիրաններին, նշանակում է ինքը կողմ է ազատ բարքերին, համասեռամոլությանը: Ի դեպ, Դանիել Իոանիսյանին համարել էին համասեռամոլների պաշտպան:

Հայցվոր կողմը գտնում էր, որ զրպարտությունը եւ վիրավորանքը ակնհայտ է, մասնավորապես Դ. Իոանիսյանն ասաց, որ ինքը զբաղվում է իրավունքների պաշտպանությամբ եւ պնդում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ՝ անկախ սեռական պատկանելությունից: «Մեկ ազգը» այսպիսի արտահայտություն էլ էր սոցիալական ցանցում տեղադրել. «Պիտի համասեռամոլ լինես, որպեսզի լինես երիտթեւի անդամ: Աշխատավարձը միայն գրանտի ձեւով է, պայմանը մեկն է՝ քարոզի անբարոյականություն»: Թե ինչ իրավական փաստաթղթով պիտի դատարանը «քարոզի անբարոյականություն» եւ նման կարգի արտահայտությունները գնահատի, որոնցով ողողված են սոցիալական ցանցերը (իբրեւ ազատ կարծիքի արտահայտման ձեւ), կպարզվի հունիսի 1-ին, ժամը 14.30-ին նշանակված դատական նիստում:

Կողմերն իրենց դիրքորոշումներում կարծր էին, հաշտության մասին ավելորդ հնչեց դատարանի կողմից առաջարկը: Պատասխանող Գոռ Թամազյանն ասաց. «Եթե ներողություն կխնդրեն «Մեկ ազգից»՝ Խաչիկ Ասրյանին ուղղված հիտլերական նյութերի համար…», սակայն չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ հայցվորը ցատկեց տեղից՝ ասելով. «Պահանջում եմ, որպեսզի «Մեկ ազգը» իր ենթակայքում հրապարակավ ներողություն խնդրի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30