
Այսօր նաեւ որոշվեց միասնական շտաբի կառուցվածքը: ԲՀԿ-ի կողմից շտաբի նիստերին կմասնակցի ԲՀԿ նախընտրական շտաբի անդամ Վահե Էնֆիաջյանը: ՀԱԿ-ը շտաբի մշտական ներկայացուցիչ նշանակեց ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանին: ՀՅԴ-ի կողմից նշանակվեց Ավետ Աբրահամյանը կամ Սպարտակ Սեյրանյանը:
Միասնական շտաբի անդամները ժամանակ տվեցին «Ժառանգությանը»՝ որոշում կայացնելու: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք համարում ենք, որ «Ժառանգության» ստորագրությունն ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին որեւէ հայտարարություն չի հնչել: «Ժառանգությունը» շարունակում է մնալ միասնական շտաբի լիիրավ անդամի կարգավիճակում: Որոշումներն ընդունում են նիստին ներկա քաղաքական ուժերի կոնսենսուսով, երբ «Ժառանգությունը» նպատակահարմար կհամարի, ցանկացած նիստին կարող է գալ եւ մասնակցել»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ժառանգության» խնդիրն է ներկա լինել կամ չլինել: Այն հարցերը, որ «Ժառանգությունը» բարձրացրել էր նախորդ նիստին, ամբողջությամբ լուծված են: Որեւէ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել այս քաղաքական ուժերի անկեղծությունը: Տրամաբանական բացարձակ պատճառ չեմ տեսնում իրենց չմասնակցելու առումով: Այս ձեւաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի առջեւ»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը խնդրեց արձանագրել Մալաթիա-Սեբաստիայի բռնության եւ քարոզչության խոչընդոտների դեպքերն ու հայտարարություն անել:
ՀՅԴ-ն, միանալով թիվ 7 ընտրատարածքում թույլ տված խախտումներին, ավելացրեց նաեւ Արմավիրում տեղի ունեցած միջադեպը, երբ թեկնածուն, Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, ահաբեկվելով ստիպված եղավ հանել իր թեկնածությունը:
Այս պահին քննարկումն ընթանում է արդեն միասնական շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































