
1. «Պարտադիր սոցիալական վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհատ ձեռնարկատերերի կողմից տարեկան եկամուտների հայտարարագրի համար սահմանված վերջնաժամկետը սույն թվականի հունվարի մեկից սահմանվել էր ապրիլի 15-ը` նախկին մարտի 1-ի փոխարեն: Սակայն, ներքին կարգադրությունների համաձայն, յուրաքանչյուր անհատ ձեռնարկատեր, ով խախտում էր արդեն իսկ չգործող վերջնաժամկետը, այսինքն հայտարարագիրը ներկայացնում էր մարտի 1-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում, ենթարկվում էր վարչական պատասխանատվության, այն էլ «օրենքի ողջ խստությամբ» (հետաքրքրական է, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի հայտարարագրի ներկայացման ժամկետը խախտելու համար սահմանված է ոչ թե ֆիքսված տուգանք, այլ «լողացող»` 10 000-ից 20 000 դրամ, իսկ որոշում կայացնելու իրավունքը վերապահված է հարկային չինովնիկին): Առաջին հայացքից անհավանական թվացող անօրինականությունը պարզաբանելու համար հարցում է իրականացվել հարկային մարմնի թեժ գծով: Օպերատորը պատասխանել է, որ թեև օրենքում փոփոխություն է կատարվել, որը ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 1-ից, սակայն հայտարարագրերն ընդունվում են համաձայն նախկին վերջնաժամկետի, և որ դրանք գործելու են 2012 թվականի եկամուտների վերաբերյալ 2013 թվականին ներկայացվող հայտարարագրերի համար, ինչը իրավական տեսանկյունից «նոնսենս» է:
2. Հարկային մարմինները ստուգումներ իրականացնելիս անօրինական կերպով ընդլայնում են իրենց ստուգման շրջանակները և փորձում են կարգավորել նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես, արձանագրվել են դեպքեր, երբ հարկային մարմինների կողմից իրականացվող եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների ստուգումների ժամանակ հարկային տեսուչները չեն համաձայնել որպես հարկվող օբյեկտի հիմք ընդունել փաստացի վճարված աշխատավարձերի չափը` հիմնավորելով թե աշխատավարձը պակաս է հաշվարկված: Վերջիններս հաշվարկել են նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հավելումներ` արտաժամյա կամ հանգստյան օրերին կատարած աշխատանքների համար, ինչի բացատրություններն ու հիմնավորումները հարկային տեսուչները բնավ չունեն, և արհեստականորեն մեծացնելով հարկվող օբյեկտը տնտեսավարողից պահանջել են ավելի շատ հարկ վճարել: Փաստորեն վարձու աշխատողների մասով հարկային տեսուչի կողմից հաշվարկվում է գիշերային հավելումներ, արտաժամյա աշխատանքներ, տոնական օրերի վարձատրություններ և այլն: Որպես կանոն հիմք են ընդունվում Աշխատանքային օրենսգրքի 183-րդ, 184-րդ, 185-րդ հոդվածները և հաշվարկվում են լրացուցիչ վարձատրություն կամ աշխատավարձին հավասարեցված վճարներ և առաջադրվում տուգանքներ` եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների գծով, մինչդեռ հարկային մարմինը ստուգումն իրականացնելիս պետք է առաջնորդվի բացառապես հարկային օրենսդրությամբ` ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով (ՀՀ-ում հարկային հարաբերությունները կարգավորվում են հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է «Հարկերի մասին» ՀՀ օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից):
Տեղյակ ենք պահում բոլոր փոքր և միջին տնտեսավարողներին` եթե հարկային մարմնի կողմից կազմված ակտի համար հիմք է հանդիսացել աշխատանքային օրենսգիրքը կամ այլ, ոչ հարկային ոլորտի օրենսդրություն, այդ ակտը համարվում է անվավեր, իսկ այն կազմողի և առավելևս հաստատողի գործողությունները անօրինական:
Գործարար շահերի պաշտպանության ցանց


















































