Իսկ բրիտանական դեսպանատունը մերժեց կիթառահար Վարդան Շահինյանին

Ռեպլիկին, թե ցանկություն չունի՞ հետեւել գործընկերների օրինակին, կիթառահարը ներկայացրեց 2004թ. իր հետ պատահածը. «Կոնսերվատորիան ավարտելուց հետո (սովորել է Ն. Բադալյանի դասարանում) ձայնագրեցի առայժմ իմ միակ «Էքսպրոմտ» CD-ն, որը հավանության արժանացավ Լոնդոնի թագավորական ակադեմիայի կողմից, նույնիսկ ինչ-ինչ ֆոնդեր հատկացրել էին ուսմանս գումարը՝ 30 հազար ֆունտ ստերլինգ եւ, որ ամենակարեւորն է, կատարումներիս իր բարձր գնահատականն էր տվել կիթառահարների «պապան»՝ Ջոն Ուիլյամսը: Նա նույնիսկ նամակ էր ուղարկել ինձ: Արդյունքում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ինձ կարճ ու կոնկրետ ասաց, որ ես չեմ կարող մեկնել, քանի որ վստահ չեն վերադառնալուս համար: Կարելի է պատկերացնել այդ ժամանակ իմ հիասթափությունը, բայց արվեստն ինձ հաղթեց»: Վարդան Շահինյանը հայտնեց նաեւ, որ իր տարիքում (30 տարեկան է) անիմաստ է համարում մասնակցությունը մրցույթներին, առավել եւս՝ դրսում ստեղծագործելը, քանի որ նվիրվել է մանկավարժական աշխատանքին, դասավանդում է Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում: Դիտարկմանը, թե մանկավարժությունը չի կարող լրացնել բեմական ստեղծագործական բացը, երաժիշտը համակարծիք լինելով՝ ասաց, թե ինքը բեմ է բարձրանում նաեւ ակումբներում, համագործակցում երգիչների հետ: Հաստատելով այն միտքը, թե մեր լայն լսարանին ծանոթ է ոչ թե դասական, այլ ֆլամենկո ոճը, լավագույն դեպքում՝ իսպանացի կիթառահար Պակո Դե Լյուսիայի անունը, արվեստագետը նախ կատակեց. «Լայն լսարանը Վիսոցկուն ու Հախվերդյանին էլ է ընկալում իբրեւ կիթառահարներ, ինձ էլ հաճախ հարցնում են՝ էդ որ կիթառ ես նվագում, բա ինչո՞ւ չես երգում… Միանշանակ սա քարոզչության պակասի արդյուքն է: Ախր դասական կիթառի համար հիանալի սոնատներ ունի գրած նույնիսկ Պագանինին…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































