Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն օրերս հրավիրած ասուլիսում ասել էր. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր 10 տարի եւ ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, իրենք ընտրողների ցուցակում չեն ներառվի։ Այսինքն՝ չունեն ուժի մեջ գտնվող անձը հաստատող փաստաթուղթ, իրենք շարունակում են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ անձը հաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա նաեւ հյուպատոսությունների միջոցով կարող են իրականացնել, այդ դեպքում իրենք միանգամից նորից կվերականգնվեն ընտրողների ցուցակում»։
Վահագն Հովակիմյանի այս հայտարարությունից հետո ԿԸՀ-ն հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, թե որ դեպքում անձը կզրկվի ընտրելու իրավունքից:
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախագահն իր հետին մտքինն է բարձրաձայնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Կարդացեք նաև
«Սակայն պետք է հանուն արդարության նշենք, որ այդ ամպագորգոռ վերնագրերը կենտեքստից կտրված էին, որովհետեւ նա երկրորդել է իր միտքը եւ ասել՝ եթե մարդիկ Հայաստանի հետ կապը կտրել են եւ չունեն վավեր անձնագրեր, պետք գան, վավերականության ժամկետը վերականգնեն եւ հաշվառում ունենան։ Այս դեպքում ԿԸՀ նախագահը, կոպիտ ասած, իր հետին միտքը հրապարակեց՝ հաշվի առնելով, թե ում է թիրախավորում եւ ում է համարում ՀՀ հետ կապը կտրած, որովհետեւ շատ հնարավոր է, որ հեռավոր մարզում կամ գյուղում մի տարեց մարդ լինի, ով եւս չի թարմացրել իր անձնագրի վավերականության ժամկետը։ Ուստի, արդեն ակնհայտորեն ընդգծվում է, որ նպատակ կա կրկին անգամ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին տարանջատելու խմբերի։ Այսինքն՝ որոշակի մարդկանց, ովքեր քաղաքական հայացքներով ընդդիմախոս են, իրենք որակումներ են տալիս։ Իսկ այն քաղաքացիներին, ովքեր իշխող քաղաքական ուժին են հարում, ամեն կերպ աջակցում են։ Սա անընդունելի տարբերակ է»,- նշեց Մելոյանը։
Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի որեւէ քաղաքական ուժի ու աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից որեւէ միջամտություն չլինի ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու քվեի նկատմամբ։ «Եվ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի երաշխավորվեն ընտրական գործընթացի հիմնարար սկզբունքները՝ ազատությունը, արդարությունը, հավասարությունը, թափանցիկությունը եւ երաշխավորվի ընտրողի գաղտնի քվերակությունը»,- հավելեց Գոհար Մելոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































