
«Առավոտը» կապվեց Հայկ Տիգրանյանի հետ: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Կորեայում տոնական տրամադրություն է՝ նշվում է հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակը. «Մրցույթ-փառատոնին մասնակցում են նաեւ հրավիրված արտիստներ Մալայզիայից, Կուբայից, Ֆինլանդիայից, Մոնղոլիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, նույնիսկ Ամերիկայից եւ այլ երկրներից, որոնք Կորեայի հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ»: Հայկը նշեց նաեւ, որ ինքը միակ օպերային երգիչն էր, որը տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Փխենյանի օպերային թատրոնում, կատարելով Գրեմինի արիան՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Երգչի փոխանցմամբ՝ ինքն այդ պատվին արժանացել է ժյուրիի առաջարկով: Հարցին՝ հնարավոր չէ՞ր հանդես գալ արիայով հայկական որեւէ օպերայից, Հայկն ասաց. «Բացի մրցութային օրերից, կորեացի կոնցերտմայստերի հետ ունեցել եմ 5 համերգ, իսկ առաջին փուլում կատարել եմ Դավիթ-Բեկի արիան՝ Տիգրանյանի «Ալմաստ» օպերայից»: Այս օրերին Փխենյանում են նաեւ մենեջերներ տարբեր օպերային թատրոններից, ուստի հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են համագործակցության առաջարկներ: «Ոչ պաշտոնական առաջարկներ ստացել եմ Մինսկի, Քիշնեւի օպերային թատրոններից, իսկ աշնանը Լիպեցկում կայանալիք ավանդական դասական փառատոնի բացմանը երգելու հրավեր եմ ստացել»,- հայտնեց Հայկ Տիգրանյանը: Մեր զրուցակիցը նեղսրտեց, որ մրցույթ-փառատոնի բացմանը, երբ պետությունները ներկայանում էին պատվիրակություններով, ինքը մենակ էր՝ «Հայաստան» ցուցանակի տակ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































