Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ում գործող եվրոպական դեսպանատներից «շենգեն» վիզաներ են ստանում՝ մեկ օր անգամ Ռուսաստանում չլինելով:

Սրանք այն քաղաքացիների փաստաթղթերի պատճեններն են, որոնք օգտվել են ռուսաստանյան «շենգեն վիզայի» ծառայությունից:

Կեղծանունների տակ թաքնված որոշ մարդիկ, հազարավոր եվրոների դիմաց, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են «շենգեն» վիզաներ: Սակայն եթե մինչ այս «շենգեն» վիզայի գործ անողները մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատների միջոցով էին «շենգեն» դասավորում, ապա այժմ միջնորդները խոստանում են այդ վիզաները «սարքել» Ռուսաստանի Դաշնությունում գործող դեսպանատներում: Այսինքն՝ Հայաստանում բնակվող եւ իր կյանքի ընթացքում Ռուսաստանի երես չտեսած ՀՀ քաղաքացին կարող է հեշտությամբ վիզա ստանալ, ասենք՝ Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատնից: Հայտարարության տեքստի համաձայն, հայաստանցին վճարելով 4500 եվրո, կստանա եվրոպական իր նախընտրած երկրի մուտքի արտոնագիր: Հայտարարության հեղինակները 100 տոկոսանոց երաշխիքներ են խոստանում: Նրանք այնքան վստահ են գործը գլուխ բերելու հարցում, որ անգամ գումարը ոչ թե գլխանց են վերցնում, այլ անձնագրում վիզայի առկայության դեպքում: ՀՀ քաղաքացուց նույնիսկ չի պահանջվում Ռուսաստան մեկնել. անձնագիրը տանում են, վիզան խփում ու բերում: Այս մանրամասները ճշտեցինք, երբ List.am-ում նշված axrana31@
mail.ru եւ [email protected] էլեկտրոնային հասցեներով նամակ գրեցինք հայտարարության հեղինակներին: Նշելով, որ ցանկանում եմ «շենգեն» ստանալ, հետաքրքրվեցի, թե ինչքա՞ն գումարով են գործը սարքում, որքա՞ն ժամանակում վիզան պատրաստ կլինի, արդյոք որեւէ խնդիր չե՞մ ունենա իրավապահների հետ սահմանը հատելիս եւ այլն: Հարցրել էի նաեւ, թե լինելով ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս պետք է այլ երկրի դեսպանատներն ինձ վիզա տան, երբ ո՛չ ՌԴ-ում գրանցում ունեմ, ո՛չ էլ ժամանակավորապես բնակվում եմ այնտեղ: Նկատենք, որ սրանք այն կարեւոր պայմաններից են, որոնց առկայության պարագայում միայն շենգենյան երկրների մասին օրենքը թույլ է տալիս այդ երկրում գործող դեսպանատներից «շենգեն» վիզա ստանալ, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանում տվյալ եվրոպական երկիրը ներկայացուցչություն չունի:
Կարդացեք նաև
Առաջին նամակիս պատասխանեցին, որ վիզան բացելու են Ֆինլանդիայի դեսպանատանը, քանի որ մեր երկրում Ֆինլանդիան չունի ներկայացուցչություն. «Դրա համար ձեր անձնագիրը ուղարկում ենք Մոսկվա՝ վիզան խփում են: Եվ դուք վճարում եք 3400 եվրո»:
Սակայն երբ անվտանգության հետ կապված երաշխիքներ ուզեցինք եւ հիշեցրինք, որ հայտարարության մեջ նաեւ եվրոպական այլ երկրների մասին է խոսք գնում, ծպտյալ միջնորդը պատասխանեց. «Ուրեմն շենգեն վիզան բացվում է մեկ ամսվա ընթացքում, գումար չեք տալիս, վիզան քսերոքս եմ անում՝ տալիս, դուք ճշտում եք իսկությունը, նոր վճարում: Ինչի՞ մենք մեզ պրոբլեմ պիտի սարքենք, վիզան բացվում է տվյալ պահին ազատ տեղ ունեցող դեսպանատանը»:
Մեկ այլ՝ «աննախադեպ առաջարկով» հանդես եկող միջնորդ էլ ընդամենը 2800 եվրոյով է գործը դասավորում՝ խոստանալով 1 ամսվա ընթացքում ձեզ ուղարկել Եվրոպա. «Սկզբում վճարում եք գումարի ընդամենը 10 տոկոսը, իսկ մնացածը՝ վիզան ստանալուն պես»,- խոստանում է «շենգենի «մասնագետը»:
Դժվար թե այս ամենի մասին մեր իրավապահ մարմինները տեղյակ չլինեն, հատկապես՝ որ հարցն ուղղակիորեն առնչվում է մեր երկրի ազգային անվտանգությանը: Դատելով «շենգենի գործ» անողների անվախ եւ բացահայտ գործելաոճից՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ իրենց հերթին անվտանգության երաշխիքներ են ստացել ՀՀ իրավապահ մարմիններից: Հակառակ դեպքում մեր երկրի սահմանապահների մոտ պետք է գոնե տարրական հարց առաջանար, թե իր անձնագրում ոչ մի անգամ Ռուսաստանի մուտքի կնիք չունեցող ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է «շենգեն» վիզան ստացել Մոսկվայում գործող եվրոպական երկրների դեսպանատներից: Այն դեպքում, երբ դեսպանատուն մտնելու համար անձի ներկայությունը հիմնականում պարտադիր է:
«Առավոտի» աղբյուրների հավաստմամբ՝ այդ ճանապարհով վերջին շրջանում արդեն իսկ «շենգեն» վիզա են ձեռք բերել եւ Հայաստանից հեռացել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց գործերը միջնորդները դասավորել են ՌԴ-ում գործող Իսպանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի դեսպանատներում:
Ներկայումս մեր ձեռքի տակ են մի շարք անձանց անձնագրերի պատճեններ, որոնք Հայաստանից ընդմիշտ մեկնել են մեր նշած ճանապարհով: Նրանցից որեւէ մեկին սահմանապահները, որոնք ազգային անվտանգության աշխատակիցներ են, սահմանի վրա «չեն նեղացրել», հարցուփորձ չեն արել:
Նույնիսկ վիճակագրական տվյալներ են փաստում, որ մեր երկրից նոր թափով արտագաղթ է սկսվել: Միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում մեր երկրից մոտ 66 հազար մարդ ավելի է մեկնել, քան ժամանել: Որոշ հաշվարկներով էլ, 2011-ին Հայաստանից վերջնականապես արտագաղթել է 45 հազար քաղաքացի:
Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հանուն Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն որդեգրած ՀՀ կառավարությունը ընդամենը մի քանի տարի հետո պետք է սկսի ծրագրեր մշակել դատարկ Հայաստանը բնակեցնելու:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. «Շենգեն» վիզայի միջնորդները, որոնք ՀՀ քաղաքացիներին վիզա են բացում ՌԴ-ում, նույնիսկ Հայաստանում գործող եվրոպական դեսպանատների գործին են «խփում»:
«Առավոտ» օրաթերթ


















































