
Այս համատեքստում պարոն Հարությունյանը չխոստացավ կոռուպցիայի իսպառ վերացում, քանի որ այն հարյուրամյակների արմատացում ունի, սակայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարությունը ինստիտուցիոնալ մոտեցումներով փորձում է նվազագույնի հասցնել այդ արատները, մասնավորապես՝ օրինակ բերեց հարկային տեսուչների հետ հարկատուների անձնական շփման հնարավորությունների էական կրճատումը, որը հենց այդպիսի բարեփոխումների արդյունք է. «Ի բարօրություն մեզ, կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք նվազեցնում են կոռուպցիոն, հովանավորչական ռիսկերը եւ նպաստավոր պայմաններ են ստեղծում աշխատանքի համար, եւ պատահական չէ, որ կառավարության այս սերնդի բարեփոխումները արժանացել են նաեւ Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականին: Ըստ էության, ինչպես ասում էր մեկը` մնացել է անելու միայն մի բան` փորձել վերացնել մոնոպոլիզացիան»:
Լրագրողների հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում մոնոպոլիզացիայի վերացումը, երբ ՀՀԿ-ի ցուցակում են մոնոպոլիստները, օրինակ` Սամվել Ալեքսանյանը, պարոն Հարությունյանը անհավանական պատասխան տվեց. «Հենց իրենք էլ կվերացնեն մոնոպոլիզացիան: Այլապես իրենց համար կստեղծեն պրոբլեմներ, որովհետեւ հանրային կյանքը փոխվել է, փոխվել են մեր ընկալումները, դեռ երեք- չորս տարի առաջ այս թեմաներով քննարկումներ չէին ծավալվում»:
Պարոն Հարությունյանը նաեւ հիշեցրեց, որ նույն արեւմտյան ժողովրդավարություններն էլ են ապրել մոնոպոլիզացիայի այս փուլը, որը կայացման շրջանում որոշակի լոկոմոտիվի դեր է խաղում, սակայն ընթացքում սկսում է խաթարել գնագոյացման ինստիտուտը, եւ այդ ժամանակ հարկավոր է դեմն առնել: «Հիմա մենք ընդհուպ մոտեցել ենք նրան, որ մոնոպոլիզացիան արդեն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, եւ հարկավոր է միջոցներ ձեռնարկել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
















































