Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը խոստանում է, որ մոնոպոլիզացիայի դեմ կպայքարեն հենց մոնոպոլիստները, այդ թվում` Սամվել Ալեքսանյանը

Ապրիլ 26,2012 14:59

ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Խոսրով Հարությունյանի կարծիքով` մեր հանրությունը հասունացել է` ավելի լավ ընտրություններ, ավելի լուրջ բարեփոխումներ, ավելի որակյալ խորհրդարան պահանջելու համար, եւ հիմա եկել է այդ պահանջները կատարելու ժամանակը: «Երբեւէ այդքան չէին քննարկվել կուսակցությունների համամասնական ցուցակները, երբեւէ այդքան մեծ ուշադրություն Ազգային ժողովի հանդեպ չի եղել»,-ասաց Խ. Հարությունյանը` այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Եվ այդ պատճառով ներկայիս իշխանությունները շատ ավելի լուրջ են մոտենում բարեփոխումներին, շատ ավելի են կարեւորում հասարակական պահանջների կատարումը:

Այս համատեքստում պարոն Հարությունյանը չխոստացավ կոռուպցիայի իսպառ վերացում, քանի որ այն հարյուրամյակների արմատացում ունի, սակայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարությունը ինստիտուցիոնալ մոտեցումներով փորձում է նվազագույնի հասցնել այդ արատները, մասնավորապես՝ օրինակ բերեց հարկային տեսուչների հետ հարկատուների անձնական շփման հնարավորությունների էական կրճատումը, որը հենց այդպիսի բարեփոխումների արդյունք է. «Ի բարօրություն մեզ, կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք նվազեցնում են կոռուպցիոն, հովանավորչական ռիսկերը եւ նպաստավոր պայմաններ են ստեղծում աշխատանքի համար, եւ պատահական չէ, որ կառավարության այս սերնդի բարեփոխումները արժանացել են նաեւ Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականին: Ըստ էության, ինչպես ասում էր մեկը` մնացել է անելու միայն մի բան` փորձել վերացնել մոնոպոլիզացիան»:

Լրագրողների հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում մոնոպոլիզացիայի վերացումը, երբ ՀՀԿ-ի ցուցակում են մոնոպոլիստները, օրինակ` Սամվել Ալեքսանյանը, պարոն Հարությունյանը անհավանական պատասխան տվեց. «Հենց իրենք էլ կվերացնեն մոնոպոլիզացիան: Այլապես իրենց համար կստեղծեն պրոբլեմներ, որովհետեւ հանրային կյանքը փոխվել է, փոխվել են մեր ընկալումները, դեռ երեք- չորս տարի առաջ այս թեմաներով քննարկումներ չէին ծավալվում»:

Պարոն Հարությունյանը նաեւ հիշեցրեց, որ նույն արեւմտյան ժողովրդավարություններն էլ են ապրել մոնոպոլիզացիայի այս փուլը, որը կայացման շրջանում որոշակի լոկոմոտիվի դեր է խաղում, սակայն ընթացքում սկսում է խաթարել գնագոյացման ինստիտուտը, եւ այդ ժամանակ հարկավոր է դեմն առնել: «Հիմա մենք ընդհուպ մոտեցել ենք նրան, որ մոնոպոլիզացիան արդեն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, եւ հարկավոր է միջոցներ ձեռնարկել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30