
Aravot.am-ը պարոն Ավագյանին խնդրեց գնահատել իրենց շանսերը ԱԺ մուտք գործելու առումով, սակայն Ռ. Ավագյանն այդպես էլ կոնկրետ թվեր չասաց, այլ հայտարարեց, թե իրենց ընտրելու են այն մարդիկ, ովքեր հոգնել են թե´ իշխանութունից, թե´ ընդդիմությունից: Ըստ պարոն Ավագյանի՝ իրենք այն կուսակցությունն են, որ ոչ թե ընկնում է փողոց, այլ շրջիկ շտաբների միջոցով է հանդիպում ժողովրդին:
Մեր մյուս հարցին՝ իրատեսակա՞ն է այն վարկածը, որ «Միավորված հայերը» մասնակցում է ընտրություներին ՀՀԿ-ի համար ձայներ բերելու համար, պարոն Ավագյանը պատասխանեց. «Մենք 5000 հոգանոց կուսակցություն ենք և ունենք մեր գործարար անդամները: Ուստի նրանց և անդամավճարների միջոցով ենք կազմակերպում մեր քարոզարշավը: Այդ պատճառով էլ մեր ծախսերը 344 հազար դրամ է, ոչ թե այլ կուսակցությունների նման 34 միլիոն դրամ: Ուստի, եթե որևէ մեկի հովանավորությունն ունենայինք, ապա մեր ծախսերն այդքան չէին լինի»: Ասուլիսից հետո փոքր-ինչ անկեղծանալով՝ պարոն Ավագյանն ասաց, թե աշխատել է Ղարաբաղում, եղել է ՊՆ Պայմանագրային և արտաքին հարաբերությունների վարչության պետ, աշխատել է Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Դառնալով Հանրապետականի օգտին գործելու տեսակետին՝ պարոն Ավագյանը նշեց. «Եթե տեսնեի, որ Հանրապետականը պետականամետ գործունեություն է ծավալում, եթե այդ ուժն ի վիճակի լիներ լուծել ազգային խնդիրներ, ապա կլինեի Հանրապետականի կողքին: Մանավանդ, որ իմ ուսանողներից շատերը Հանրապետականի ցուցակում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































