
Մենք ճշտեցինք՝ չե՞ք քննադատում Բաբուխանյանին, Խոսրով Հարությունյանին, Արտաշես Գեղամյանին, նորմա՞լ է, երբ ընդդիմության դաշտից գնում են իշխանություն՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ախր նրան ի՞նչ քննադատես, Աստծո կողմից քննադատված արարած է, նրան ի՞նչ քննադատեմ: Ընկածին չեն խփում: Եթե այդքան ընկած չլիներ, վերջին հանգրվանը չէր մնա Հանրապետական կուսակցության ցուցակը, գոնե ինքն իր արժանապատիվ գոյությունը կկարողանար պահպանել»: Պարոն Սաֆարյանն ընդգծեց, որ թող ամենեւին տպավորություն չստեղծվի, թե ինքն ուզում է ասել, որ Հանրապետական կուսակցության ցուցակում տեղ զբաղեցնելն ամոթաբեր է. «Ես շատ ուրախ կլինեի, եթե Հանրապետական կուսակցության ցուցակը փոխված լիներ եւ Հանրապետական կուսակցությունը հանրությանը ներկայանար միանգամայն նոր, թարմ դեմքերով, ինչպես հայտարարում էին: Անկեղծ ասած, ուրախ կլինեի, եթե դա աներ ցանկացած կուսակցություն, որովհետեւ բոլոր լավ մարդիկ չէին կարող «Ժառանգություն» կուսակցության ցուցակում լւնել: Շատ կուզենայի, որ բոլոր թիմերում լինեին լավ մարդիկ, որովհետեւ նրանց հետ մենք բանավիճելու ենք, մրցակցելու ենք, որոշ խնդիրների լուծման առումով համագործակցելու ենք: Այս առումով եթե ձեր հիշատակած դեմքերից մեկի վերջին հանգրվանն այդտեղ է, ապա դա ինձ համար տխուր է մի քիչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































