
Ահավասիկ, մի քանի օր առաջ նախագահը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր և մինչ նախընտրական քարոզչության սկիզբը, զուտ աշխատանքային այցելության ձևաչափում մասնակցեց «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Մինչ այդ նա Լոռու մարզում «բացել» էր երկաթուղու Զամառլուի կամուրջը, չնայած կամուրջը դրանից դեռ երեք ամիս առաջ սկսել էր շահագործվել: Իսկ ապրիլի 29-ին Գյումրիում նախագահը բացեց քաղաքային նոր մարզադաշտը: Եվ այդպիսի «տոնական» միջոցառումներն այնքան անվրեպ են զուգադիպում նախընտրական արշավի ընթացքում նախագահի մարզային այցելությունների հետ, որ մարդկանց այլ բան չի մնում անելու, քան ենթադրել, որ զուգադիպությունները նախապես (գուցե նույնիսկ ամիսներ առաջ, երբ ՀՀԿ անգո շտաբի «ղեկավարման» համար իր բարձր պաշտոնն էր թողնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը) պլանավորված են եղել` դառնալով կուսակցական նախագահի քարոզչական արշավի ոչ լեգալ, սակայն կարևոր բաղկացուցիչը:
Ուրեմն` ՀՀԿ-ի ստրատեգներն ամիսներ առաջ են նախատեսել, որ հարկ կլինի հանրապետության տարբեր մարզերում ու բնակավայրերում նախապատրաստել մի իրավիճակ, երբ երկրի նախագահի«աշխատանքային» այցերը սահուն կերպով կդառնան նրա ու նրա քաղաքական թիմի «լուռ» քարոզչությունը, որն իր առարկայականությամբ թերևս ավելի պերճախոս է, քանի այն ճառերը, որ «Հավատանք, որ փոխենք»-ի պաստառների ֆոնին ընթերցում է նախագահը:
Կարդացեք նաև
«Երկիր»


















































