
Ակտիվիստներն ի սկզբանե հայտարարում էին, որ իրենց շարժումը քաղաքական չէ, եւ որեւէ մեկը չպետք է համարձակվի իրենց շարժումը քաղաքականացնել։ Կրպակները ապամոնտաժելու Սերժ Սարգսյանի հայտարարությամբ իրենք չքաղաքականացվեցի՞ն եւ մասնակից չդարձա՞ն ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը։ Այս հարցին ի պատասխան՝ Արմոն ասաց. «Ես անձամբ շատ դժգոհ եմ այդ հանգամանքից, որ այդ հայտարարությունը տեղի ունեցավ հենց նախընտրական շրջանում, որովհետեւ 85 օրերի մեջ կարելի էր ավելի հարմար օր ընտրել, 85 օր մենք արդեն այստեղ ենք, ու կարելի էր շատ ավելի շուտ անել դա։ Շատ դժգոհ եմ։ Մենք ոչ մի կերպ չենք մասնակցում քարոզարշավին ու ողջունում ենք միայն արդյունքը, ողջունում ենք, որ այս կրպակները ապամոնտաժվելու են, ու չենք ուզում, որ սա դիտվի որպես նախընտրական մի բան։ Իմ անձնական տպավորությունն այն է, որ սա ինչ-որ ձեւով փորձեցին հարմարացնել իրանց նախընտրական քարոզչության հետ։ Բայց մենք ոչ մի կապ չունենք քարոզչության հետ, կուզենայինք, որ այս խնդիրը լուծվեր մինչեւ այս ամենը: Ու ես նույնիսկ ամաչում եմ, որ երկրի նախագահը պետք է լուծի այս հարցը»:
«Ինքը (Սերժ Սարգսյանը- հեղ.) եկավ ու ասեց՝ սիրուն չի, քանդեք, ինքը ցույց տվեց, որ էս երկրում օրենք չկա»,- իր հերթին ասաց բնապահպան Կարենը։
Բնապահպանական շարժման մեկ այլ մասնակից՝ Եղիա Ներսիսյանը, ասաց, որ հասան իրենց նպատակին, եւ այդպես էլ պետք է լիներ։ Հարցին՝ իրեն չի՞ մտահոգում, որ իրենց շարժման պահանջը կատարելը կարող է օգտագործվել ՀՀԿ քարոզչական նկատառումներով, պատասխանեց. «Ես շախմատի պեշկա չեմ, որ ով ուզի՝ ինձ օգտագործի, մենք ինքնորոշված քաղաքացի ենք, ինչ ուզում են՝ թող անեն, դա մեզ հետ կապ չունի, դա իրանց գործն է»։
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































