
Արձագանքելով մեր հարցին՝ հույս ունե՞ն, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ՀՅԴ-ն կկարողանա պաշտպանել իր քվեները, Ռուստամյանն ասաց. «Այո, կարծում եմ: Մենք մեր եւ ոչ միայն մեր, այլեւ ժողովրդի ձայներն ընդհանրապես եւ հիմնականում միշտ ենք պահել: Այս անգամ ավելի մեծ է դա անելու հնարավորությունը»: Իսկ դիտարկմանը, թե նախորդ ե՛ւ համապետական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հայտարարում էր իր ձայները կեղծելու մասին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, թե ընտրակեղծիքը տեղի է ունենում նաեւ այն դեպքում, երբ ստացված քվեների տոկոսը ընտրողների թվի արհեստականորեն ուռճացված լինելու արդյունքում ցածրանում է: Այդ դեպքում, Արմեն Ռուստամյանի մատուցմամբ՝ հնարավոր է, որ որեւէ ուժի ստացած քվեն պահպանվի, բայց մասնակցության քանակի մեծացման ֆոնին տոկոսային հարաբերությամբ կուսակցությունը պարտվի: «Ի վերջո, տոկոսով է որոշվելու մանդատների բաշխումը, իսկ դա ընտրողների ուռճացված ցուցակն է, բազմակի քվեարկություններն են եւ այլն, որոնք մենք պետք է կարողանանք կանխել»,- ասաց Ռուստամյանը:
Եթե Դաշնակցության ստացած քվեները հերթական անգամ այս կամ այն կերպ կեղծվեն՝ ՀՅԴ-ն փողոց դուրս կգա՞: «Մենք այս հանդիպման ժամանակ հենց դա էինք ասում: Մենք մեր ընկերների, ընտրական տեղամասերի ներկայացուցիչների տված տեղեկություններով պետք է կողմնորոշվենք՝ ընտրակեղծիքները եղել են այնքան, որ ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ: Սրանից է կախված լինելու մեր բոլոր մյուս քայլերը: Իհարկե, եթե մենք արձանագրենք, որ ընտրակեղծիքներն այնպիսի ծավալների են եղել, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ մենք ընտրություններն անվավեր ճանաչելու հարց կբարձրացնենք եւ կսկսենք քաղաքական գործընթաց»: Իսկ դա այս անգամ էլ է արվելու այնքան երկչոտ, որքան նախորդ ընտրություններից հետո էր: «Մենք երկչոտ երբեք չենք եղել: Մենք պարզապես կեղծարարության փաստը չենք կարողացել լիարժեք արձանագրած ունենալ, որպեսզի գնանք Սահմանադրական դատարան ու չպարտվենք, կամ ունենանք համապատասխան քանակի ապացուցողական բազա եւ կեղիծքների մասին մեր հայտարարությունները չլինեն զուտ քաղաքական հայտարարություններ: Մեզ պետք են իրավական հիմքեր, ապացուցողական եւ հիմնավոր բազա, որը պիտի ձեռքբերենք հենց հանձնաժողովների մեր անդամների օգնությամբ: Եթե մեր եզրակացություններն այդ հիմքերով անենք՝ մեր քայլերը չեն ուշանա»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































