
Aravot.am-ի հարցին՝ ասում եք, պետք չէ կարեւորել նախագահի այցը Մաշտոցի պուրակ, այսինքն համոզված եք, որ առանց դրա էլ բնապահպանները կհաղթեի՞ն, Սեֆիլյանը պատասխանեց. «Հաղթանակի փաստը տաղավարների մաքրումն է, իսկ թե ով է գնացել-եկել, դա նշանակություն չունի: Մի կարեւորեք Սերժ Սարգսյանի այցը»:
Մեր դիտարկմանն էլ, թե տարածված կարծիքի համաձայն՝ նախագահն իր այդ քայլով փորձեց PR ապահովել իր համար, սակայն դա իր դեմ աշխատեց, քանի որ քարոզարշավի ավարտին էր, Սեֆիլյանը ասաց. «Այս ռեժիմի պարագլուխների կողմից որեւէ PR -ի փորձ անելն անիմաստ է, որովհետեւ ժողովուրդն արդեն իր հստակ ձեւավորած կարծիքն ունի, այսինքն՝ ովքեր կարծում են կաշառք բաժանելով, համերգներ կազմակերպելով ինչ- որ բանի կհասնեն՝ անիմաստ է, այդ ամենը իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե մեր երկրում գոյություն ունենար դասական քաղաքական գործընթաց: Ժողովրդի մեծամասնության կարծիքը այս համակարգի նկատմամբ հետեւյալն է՝ այս վերնախավը ոճրագոծ, հակահայ վերնախավ է: PR խաղեր տալը կազդի միայն աշխարհաքաղաքական կենտրոնների աչքը շոյելու, այլ ոչ թե մեր ժողովրդին խաբելու համար»:
Սեֆիլյանի ձեւակերպմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1-ին Մաշտոցի պուրակում , նման բան տեղի չէր ունեցել վերջին 18 տարում, այսինքն՝ 94 թվականի զինադադարից հետո. «Վերջին 18 տարում ոչ մի անգամ տեղի չէր ունեցել հասարակության հաղթանակը՝ իշխող դասակարգին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա վերջինս, ըստ Սեֆիլյանի, անկասկած կեղծվելու է: Նրա փոխանցմամբ՝ մենք չենք ապրում սովորական նախընտրական օրեր, եւ կուսակցությունները, եւ քաղաքական գործընթացները ու նույնիսկ մեդիան վերահսկելի են իշխող համակարգի կողմից: «Պետք է արհամարհել այս ընտրությունները, քանի որ այն արդեն բեմականացված է. գոյություն ունի մեկ բեմադրիչ, որի անունն է Սերժ Սարգսյան ու այդ մարդու խաղի կանոններով խաղալ եւ լավ արդյունք սպասել՝ անիմաստ է: Պետք չէ անիմաստ ժամանակ կորցնել, հարկավոր է օր առաջ այլընտրանքային ելքեր փնտրել»:
Արտավազդ Վարդանյանի՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց իրականացվող հացադուլի մասին էլ Սեֆիլյանը հետեւյալ կարծիքի է. «Նրա լոզունգը, որ նշել է՝ առանց մարտի 1-ի սպանդի բացահայտման մայիսի 6-ի ընտրությունների ելքը կանխորոշված է, եւ այն, որ կանխորոշված ելքով ընտրությունները չեն կարող լինել այս համակարգից ազատվելու ճանապարհ՝ շատ ճշմարիտ է ու այլ հիմնավորումներ բերելն ու ապացուցելը անիմաստ է: Ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է ու հիշեցնում է բեմականացման»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































