Այսօր կեսօրին` ժամը 14.20-ի սահմաններում, մեր տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էին Գյումրու ավտոկայանում Երևան մեկնող ուղևորները անձրևի տակ սպասում միկրոավտոբուսների: Նրանցից մեկը մոտենալով մեզ, խնդրեց բառացիորեն տեղ հասցնել իր խոսքը. «Քանի ժամ է՝ կանգնած եմ, հարցնում եմ ինչու «գազել» չկա՝ նորմալ պատասխանող չկա, դե արի ու մի ասա ընտրություններն էլ մեռնին, ընտրություն հորինողն էլ` վրեն: Էս ի՞նչ վիճակ է, հիվանդիդ անգամ չես կարող հասնել, անպայման պիտի ժամերով սպասե՞ս, 3 հազար դրամ էլ տաս տաքսուն, որ քեզ տեղ հասցնի: Ի՞նչ հնարավորություններից ելնելով տամ, խիղճները կորցրած տաքսու շոֆերներն էլ 2500 դրամը դարձրեցին 3000»:
Մենք փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ միկրոավտոբուսները չեն աշխատում, մի՞թե դա իրոք կապված է ընտրությունների հետ: Դիսպետչերներից մեկը վստահեցրեց, որ մի քանի րոպեից վիճակը կնորմալանա:


Մեզ այդպես էլ չհաջողվեց միկրոավտոբուսների աշխատանքների խափանման իրական պատճառը իմանալ: Ի դեպ, ժամը 12.00-ի սահմաններում էլ մեր ֆոտոխցիկն արձանագրեց Գյումրու քաղաքապետարանի մոտ շարված միկրոավտոբուսները, մեզ ահազանգել էին, որ դրանց միջից Հանրապետականը փող է բաժանում: Մենք նման փաստի ականատես չեղանք:
Նշենք, որ Գյումրիում ընտրությունները մեկնարկել են մարդկանց դռները թակելով. գյումրեցիներից շատերի վկայությամբ, ընտրակաշառք բաժանող կուսակցությունները առավոտ շուտ հիշեցրել են, որ մարդկանց ձայնը գնված է և պարտադրել են գնալ ընտրատեղամաս:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































