
Եղիազարյանի խոսքով՝ եթե պատերազմ սկսվի, թշնամու բանակի թիվը էական նշանակություն չի ունենա. «Ադամանդն էլ շատ փոքր է, բայց դրանով են քարը ծակում: Կարեւորը ամուր լինելն է: Պետք է ընտրել այն մարդկանց, ովքեր զինվորին կուղղորդեն մարտադաշտ: Մենք պարտավոր ենք լուծել հայրենիքի անվտանգության հարցը, այդ դեպքում հաղթանակը միանշանակ է: Հայ տղամարդիկ ի ծնե զինվոր են, բավական է նրանց շարք կանգնեցնել»:
Հրամանատարի կարծիքով՝ մարտական ոգին մինչ օրս բոլորի մեջ է նստած, պարզապես պետք է արթնացնել . «Չմտածեք, թե ձայնս տաք տեղից է գալիս, ես էլ եմ շատ բաներից վիրավորված, բայց հարցը հայրենիքին է վերաբերում: Այսօր ստամոքսը լցնելով՝ ոչ մի բան չի փոխվի»:
Բանախոսի կարծիքով՝ ՀՀ բանակը «լավն ա, սիրուն ա», բայց այն պետք է մեր տղամարդկանց սրբատեղին լինի. «Հենց այդպիսի բանակ եմ երազում, բայց չեմ էլ ասում, թե մեր բանակը վատն է: Միայն զինվորի բացասական կողմերը վեր հանելով կերպար չենք կերտում»: Ազատամարտիկի կարծիքով՝ Շուշին ազատագրածները շարունակում են բոլորի նման համեստ աշխատել եւ ապրել, բայց նրանց մեծամասնությունը պարզապես ամաչում է խառնվել իրականությանը. «Տեղեկացել եմ,, որ Շուշիի ազատագրմանը 1000 մարդ է մասնակցել, բայց պարգեւատրվում էին 3000-ը»:
Կարդացեք նաև
Հրամանատարի խոսքով՝ թշնամին գիտի, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ընտրություններից մինչ սոցիալական վիճակ. «Գիտեն, թե ոնց ենք իրար հարգում եւ որքանով ենք նվիրված: Մենք բաց ու թափանցիկ ենք հակառակորդի համար, դրա համար ամեն ինչ անում են՝ բարոյահոգեբանորեն մեզ ճնշելու համար: Բայց եթե ուզենանք, կկարողանանք ամուր բանակ եւ հասարակություն ստեղծել, որոնք թանկ կլինեն յուրաքանչյուր հայի համար: Պետք է ուշքի գանք ու դադարենք գովել ռոճիկ ստացողներին, այլապես Թուրքիան եւ Ադրբեջանը լկտիանալու են»:
Եղիազարյանը դժգոհ է այն հանգամանքից, որ ընտրությունների ժամանակ ժողովրդին, իր խոսքով, սարքել են ստրուկ եւ լեշակեր. «Ես պատրիոտ եմ, եւ ինձ համար ուշ է վատը լինելը: Մեկը կնամոլ է, մեկը՝ խաղամոլ, ես էլ հայրենամոլ եմ»: Ի՞նչ կա ըտեղ…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































