
Aravot.am-ը ի պաշտոնե մշակութային ժառանգությամբ զբաղվող պետական կառույցներից ու Հայաստանի ճարտարապետների միությունից փորձեց պարզել, թե ինչ են մտածում խնդրի առնչությամբ: Շատերը գերադասեցին «անշառ» մեկնաբանություններ անել կամ ընդհանրապես իրենց վրայից գցել պատասխանատվությունը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչու իր ղեկավարած կառույցը չի ընդվզում 130-ամյա վաղեմությամբ պատմամշակութային արժեք համարվող ԱՕՔՍ-ի շենքի ճակատագրի համար: «ՙԱՕՔՍ-ի շենքի հետ ի՞նչ են անում որ»,-անկեղծ զարմացավ պարոն Մինասյանը: Ապա հավելեց. ՙՄի անգամ էլ է այդ հարցը բարձրացվել, ես ինքս գնացել-տեղում նայել եմ : Հիմա չգիտեմ, թե ինչի համար են մարդիկ ցույց անում: ԱՕՔՍ-ի շենքին կից՝ բակի կողմից կան կցակառույցներ, որոնք շենքին չեն պատկանում: Հնարավոր է՝ դրա վերաբերյալ լինի, թե չէ՝ ԱՕՔՍ-ի շենքին ոչ մեկը ձեռք չի տա»: Մեր հարցին՝ վստա՞հ է, Ճարտարապետների միության նախագահը պատասխանեց՝ վստահ եմ:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Վլադիմիր Պողոսյանից եւս մեկնաբանություն խնդրեցինք: Այս կառույցի ղեկավարն ասաց, որ իրենց «թեժ գծին՚» եւս նման հարց է եղել, որին պատասխանել են: «ԱՕՔՍ-ի շենքը սեփականատեր ունի, եւ տվյալ պարագայում հուշարձանի պահպանությունը իրականացնում է սեփականատերը, իսկ մեր ՊՈԱԿ-ը զբաղվում է միայն պետական սեփականություն հանդիսացող եւ չօգտագործվող հուշարձանների պահպանությամբ»,- նշեց Պողոսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյանը ձեռնպահ մնաց ԱՕՔՍ-ի շենքի հետ կապված որեւէ մեկնաբանություն անելուց եւ իրեն ուղղված հարցերը վերագրեց Հուշարձանների պահպանության գործակալությանը:
ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
Հակոբ Սիմոնյանին, որի ղեկավարած կառույցը զբաղված է մշակութային հուշարձանների համահավաքի ստեղծմամբ, կես կատակ-կես լուրջ հարցրինք՝ մտավախություն չունի՞, որ մինչեւ Երեւան քաղաքին նվիրված հատորյակին հասնելը, Երեւան քաղաքում այլեւս հուշարձան չի մնա: Պարոն Սիմոնյանն ասաց, թե արդեն տպագրության է պատրաստ առաջին պրակը՝ նվիրված Երեւանի վաղ եւ միջնադարյան հուշարձաններին, ինչ վերաբերում է ԱՕՔՍ-ի ներկայիս խնդրին, ինքը տեղյակ չէ, թե ինչն-ինչոց է, որովհետեւ հուշարձանի պահպանությունը իր խնդիրը չէ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































