
Մոնիթորինգն անցկացվել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ընդգրկելով 2012թ. մարտի 12-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում հետազոտվել են Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 5000 հոդվածներ, որոնք առնչվել են խորհրդարանական ընտրություններին: «Մամուլն ավելի շատ հակված էր հակաքարոզչության: Հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր թերթերի մոտ մրցակիցներին բացասական շեշտադրումներով անդրադարձները գերակշռում են սեփական համակիրներին ու թիմակիցներին վերաբերող նյութերում: Առավել շատ անդրադարձել են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ քիչ քանակությամբ՝ Միավորված հայերին եւ Կոմունիստական կուսակցությանը»,-հայտնեց Տ. Փիրումյանը:
Ա. Մինասյանը նշեց, որ մամուլն առավել ինտենսիվ է անդրադարձել ընտրությունների բուն՝ քան նախաքարոզչական ընթացքին: «17.191 հրապարակումից ընտրություններին էին վերաբերում 5746-ը: Դրանից 89 տոկոսը վերաբերում է բուն ընտրական գործընթացին, այլ ոչ թե խնդիրներին»,-ասաց փորձագետը եւ հավելեց, որ 30 տոկոս են կազմում մամուլի հրապարակումների բացասական երանգ պարունակող վերնագրերը, իսկ դրական եւ չեզոք վերնագրերը՝ համապատասխանաբար 5.5 եւ 55 տոկոս:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































