
Ընտրություններից երկու օր առաջ՝ մայիսի 4-ին միասնական շտաբի լիագումար նիստի ժամանակ դրա մասնակից ուժերը հայտարարել էին, թե պայմանավորվել են 4 խնդիրների շուրջ. առաջին՝ ԲՀԿ, ՀԱԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին հստակ ցուցում է տրվել ընտրական տեղամասերում սերտորեն համագործակցել, ինչը, ըստ Հմայակ Հովհաննիսյանը, նշանակելու էր, որ համարյա բոլոր ընտրատեղամասերում միասնական շտաբը կունենա 5-6 հոգի, որոնք ամեն ինչ պիտի անեին ընտրակեղծիքները կանխելու համար, երկրորդ՝ պայմանավորվել էին ստեղծել համատեղ մոբիլ խմբեր՝ խախտումների մասին աղաղակող տեղեկություններին արագ արձագանքելու ու անմիջապես տեղերում կանխելու համար, երրորդ՝ վարել ընտրողների՝ քվեարկության եկածների միասնական ռեգիստր՝ անուն-ազգանուններ, հաշվարկ, եւ չորրորդ՝ տեսախցիկներ էին տեղադրվելու տեղամասերում, որտեղից պարբերաբար ուղիղ հեռարձակումներ էին լինելու միասնական շտաբի կայքի միջոցով:
Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ընտրությունների վերահսկողության թվարկված մեխանիզմները քվեարկության օրն իսկապես կիրառվեցի՞ն, եւ ինչո՞ւ տեղամասերից խոստացված ուղիղ հեռարձակումներ այդպես էլ չեղան: «Այդ նյութերը հավաքվում են, իսկ հեռարձակում տեղի չունեցավ տեխնիկական պատճառներով: Այդ տեսախցիկները պետք է բերվեին, բայց քանի որ, ինչպես գիտեք, տեղամասերում խոչընդոտներ էին եղել դրանց տեղադրման համար՝ հնարավորություն չտրվեց դրանք օրենքով սահմանված կարգով օգտագործել: Դա չհաջողվեց անել, բայց տեսագրություններն անհրաժեշտության դեպքում, երբ արդեն դրանք կբերվեն ու կմշակվեն՝ այստեղ կցուցադրվեն: Ամեն դեպքում դա դեռ առջեւում է, որովհետեւ անմիջապես դա անելը տեխնիկական պատճառներով այնքան էլ հեշտ չէր, եւ մենք այսօր ուսումնասիրում ենք այդ տեսագրությունները, որոնցից շատերն արդեն հայտնվել են կայքերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դրանք կտեղադրվեն նաեւ միասնական շտաբի կայքում:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































