
Նոր չեմպիոնին որոշելու համար մրցակիցներին հիմնական փուլում ընձեռվել է 12 պարտիայի հնարավորություն: Եվ եթե նրանք դա անել չկարողանան, նշանակվելու են լրացուցիչ հանդիպումներ, որոնց անցկացման կարգին եւ ընթացքին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք:
Երկու գրոսմայստերներն էլ Մոսկվայում են եւ պատրաստ են մրցակցությանը: Նրանք պայքարելու են ոչ միայն շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի, այլեւ ռուս գործարար Անդրեյ Ֆիլատովի սահմանած դրամական պատկառելի մրցանակային գումարի՝ $2,55 միլիոնի համար, որը բաշխվելու է 60:40 հարաբերակցությամբ՝ հօգուտ հաղթողի:
Շախմատային մի շարք ճանաչված գործիչներ թեեւ դիտարժան մրցակցություն են ակնկալում, սակայն, նրանց կարծիքով, այս անգամ չեմպիոնական մրցամարտի հեղինակությունը մի փոքր այն չէ, որովհետեւ ներկայիս գահակալ Անանդը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է ընդամենը 4-րդ, իսկ հավակնորդը՝ հեռավոր 20-րդ հորիզոնականը եւ նրանց պայքարի արդյունքում ով էլ հաղթի, միեւնույն է՝ ի հայտ չի գա աշխարհի ուժեղագույն շախմատիստը: Այս տեսակետին համաձայն չեն մյուսները, որոնք համոզված են, որ երկու գրոսմայստերների ներկայիս վարկանիշը եւ ոչ էլ նրանց տարիքը (աշխարհի գործող չեմպիոնը 42 տարեկան է, իսկ հավակնորդը՝ 43) ամենեւին էլ չեն ստվերում մրցամարտը, քանի որ երկուսն էլ ժամանակակից շախմատի ամենահզոր ներկայացուցիչներից են, ինչը նրանք ապացուցել են վերջին տարիների իրենց ցուցադրած խաղամակարդակով:
«Առավոտ» օրաթերթ


















































