Մայիսի 14-ին Իջեւանի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակի մոտ, ցայտաղբյուրի կողքին բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքար: Այն կառուցվել է արցախցի Արթուր Ավագյանի միջոցներով: Խաչքարին փորագրված է՝ «Սարոյի հերոսական ջոկատի տղաներին»: Սարոն՝ Սարիբեկ Օհանյանը, Իջեւանի կամավորականների ջոկատի առաջին հրամանատարն էր, նա զոհվեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս:
«Արցախի նվերը Իջեւանին»՝ ելույթ ունեցողներն այսպես բնութագրեցին հուշակոթողը:
Բացման հանդիսավոր առիթով խոսք ասացին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի գնդի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ վարչության անդամ, գնդապետ Ավագյանը, Իջեւանի բնակիչ Սիրակ Մարտիրոսյանը: Մարզպետ Ղուլարյանն ասաց, որ Տավուշի մարզն արդեն մի քանի տարի բարեկամական հարաբերությունների մեջ է Արցախի Մարտակերտի շրջանի հետ, որ մի օր էլ տավուշցիներն Արցախում կոթող կկանգնեցնեն: Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը կատարեց խաչքարի օրհնելու արարողություն: Հուշակոթողի բացումը կատարեց Սարիբեկ Օհանյանի թոռը՝ 16-ամյա Սարիբեկ Օհանյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: