
Հետաքրքիր է, թե լրագրողներին մեղադրողներն ի՞նչ կարծիքի են մարզաձեւի համաշխարհային կազմակերպությունների մասին, որոնք ոչ միայն քաջատեղյակ են իրենց նշանավոր մարզիկների ամեն մի քայլին, այլեւ իրենք են հրապարակում նրանց վաստակած գումարների չափերը: Մասնավորապես, ATP-ն կազմել է ներկայի եւ անցյալի բոլոր պրոֆեսիոնալ թենիսիստների վաստակած գումարների վարկանիշային ցուցակը: Ըստ այդմ, օրերս Մադրիդում անցկացված «Masters» մրցաշարի եզրափակչում հանդես գալով` շվեյցարացի 30-ամյա Ռոժե Ֆեդերերը բացարձակ ռեկորդ է սահմանել: Նա ռակետով իր մարզական կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան $ 70 միլիոն` համալրելով մուլտի միլիոնատերերի շարքը: «Ֆեդերեր հոպարի» վաղեմի մրցակից, իսպանացի Ռաֆայել Նադալը վերջին տվյալներով նոր-նոր մոտենում է $ 50 միլիոնի սահմանին:
Հետաքրքիր է, որ նման գումարի մասին կերազեին նաեւ անցյալի լեգենդները: Օրինակ, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, հանրահռչակ Անդրե Աղասին իր մարզական ողջ կարիերայի ընթացքում հալալ քրտինքով աշխատել է ընդամենը $ 31 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































