
Aravot.am-ը Ռ. Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինքն է°լ է որոշել դուրս գալ ՀԱԿ-ից: Նա պատասխանեց. «Ոչ, Կոնգրեսից դուրս չեմ գալիս»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե°ս է վերաբերում ՀԱԿ-ից դուրս եկողներին: Պարոն Թորոսյանը պատասխանեց. «Իմ հարցի լուծման համար ՀԱԿ-ից դուրս գալը ճիշտ ճանապարհ չէ: Գուցե իրենց հարցի լուծման համար ճի°շտ է»: Խնդրեցինք մեկնաբանել նաև հայտարարության այն հատվածը, որը վերաբերում էր ՀՀ առաջին նախագահին: Ռ. Թորոսյանը վրդովվեց. «Դա իրոք դավաճանություն է սկզբունքներին, մեր հասարակության ընտրական իրավունքի պաշտպանությանը, քանի որ, երբ արդյունքների ամփոփումը դեռ տեղի չի ունեցել, կա Սահմանադրական դատարան, որն ամենակարևոր փուլն է, դու հայտարարում ես, որ ընդունում ես արդյունքները»: Մեր հարցին՝ այդ դեպքում հակասական չէ° պարոն Թորոսյանի՝ ՀԱԿ-ում մնալը, Aravot.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Ինչո՞ւ, մենք Լևոն Տեր-Պետրոսյանի համա՞ր ենք ՀԱԿ-ում հավաքվել: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ, որտեղ գրված չէ, որ եկել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի համար, այլ եկել ենք ժողովրդավարության, օրինական պետության ձևավորման համար: Ով դավաճան է, թող նա էլ դուրս գա: Ճիշտ կլինի դնել Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից հեռացնելու հարցը: Դա դեռ օրակարգում չկա, բայց գուցե մենք բարձրացնենք»: Հետաքրքրվեցինք՝ ուրի°շ ինչ ծրագրեր ունեն: Ռ. Թորոսյանը պատասխանեց. «Հեռացնել Մուկուչյանին, Ծառուկյանին չթողնել մասնակցել ընտրություններին, հեռացնել Սերժ Սարգսյանին, մաքրել Օպերայի տարածքը, Կոմիտասի այգուց հանել մի քանի գերեզման, որը որպես ավագանի պիտի անեմ»:
Պարոն Թորոսյանը սխալ է համարում այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը պաշտպանել է ԲՀԿ-ին: Սխալ է համարում նաև այն, որ ՀՀ առաջին նախագահը որպես գերնպատակ դրեց ոչ թե ընտրությունների, այլ քաղբանտարկյալների հարցը: Վերլուծելով այս ամենը` Ռ. Թորոսյանը եկել է հետևյալ եզրահանգման. «Արդյունքում Սերժ Սարգսյանը դարձավ օրինական նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի մատուցմամբ: Առաջին նախագահն այդքան գեղեցիկ սկսեց իր վերակենդանացման գործունեությունը, բայց հետո գցեց ջուրը»:
Դառնալով ՀԱԿ-ի վարկաբեկման մասին տարածված տեսակետին՝ Ռ. Թորոսյանը նշեց. «Ինձ համար ՀԱԿ-ը վարկաբեկվեց, վերածվեց ՀՀՇ-ի, որին ժողովուրդը չի էլ ուզում տեսնել: Ցավոք, բայց այդ գեղեցիկ կազմակերպությունը մարդկանց մի խումբ նեղացրեց- նեղացրեց և Կոնգրեսը դարձրեց ՀՀՇ»: Մեր հարցին՝ այդքանով հանդերձ ո°րն է Ռ. Թորոսյանի՝ Կոնգրեսում մնալու նպատակը, պարոն Թորոսյանն այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ում մնում ես, որ ՀԱԿ-ը դարձնես ՀԱԿ, ինչպիսին այն կար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































