
Ինչ վերաբերում է Հրաչ Բերբերյանի այն հայտարարությանը, որ նախարարությունը պետք է ավիացիոն եղանակով պայքար սկսեր այդ հիվանդության դեմ, ոլորտի պատասխանատուն վստահեցրեց, որ դա անթույլատրելի է, քանի որ ծիրանի այգիները գտնվում են բնակելի տարածքներում, իսկ քամին թույնը կլցնի տները: Իսկ հիվանդությունը բերքատվության վրա կազդի՝ ոչ այնքան քանակի, որքան որակի առումով: Պարոն Հարությունյանի ներկայացմամբ` դեղձի եւ ծիրանի պտուղներն ուղղակի շատ կետիկներով կլինեն:
Արմավիրի մարզի գյուղացիների այն դժգոհության վերաբերյալ էլ, որ կառավարության տրամադրած ցորենի սերմացուից ստացած բերքը կարճահասակ է, ինչը գյուղացիները կապում են սերմացուի անորակ լինելու հետ, Գեւորգ Հարությունյանն այսօր «Սլաք» ակումբում ասաց, որ սերմացուն «լավ» էլ որակյալ է եղել, պարզապես եղանակն է անբարենպաստ գտնվել. «Անձրեւները կարճատեւ են եղել, խոնավությունն էլ բավական չի եղել հողի մեջ, իսկ բույսը ծարավ լինելով չի հասցրել նորմալ աճ տալ, դրա հետեւանքով ինքը արդեն ձեւավորվել է ու կարճ մնացել»:
Ընդ որում, կառավարության` ցորենի ներմուծման եւ սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակում բաժանված այդ սերմացուների դիմաց, ինչպես պարոն Հարությունյանն ասաց` 1-ը 2-ի հարաբերակցությամբ տնտեսվարողը պետք է հետ վերադարձնի բերքը ստանալուց հետո:
Կարդացեք նաև
Հարցին էլ, թե գյուղացիները դժգոհում են, որ ցորենի կարճահասակության պատճառով կոմբայնը չի կարող հավաքել եւ կորուստները մեծ կլինեն, այս դեպքում գյուղացին ինչպե՞ս է վերադարձնելու սերմացուն՝ գյուղնախարարության պաշտոնյան ասաց, որ պայմանագրում ֆորսմաժորային իրավիճակի մասին որեւէ բան նախատեսված չէ, եւ այս պահին ոչինչ չի կարող ասել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































