
Նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով հնարավոր կոալիցիաների ձեւավորման` ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկների եւ նոր կառավարության ձեւավորման մասին լրագրողների հարցերին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Կոնկրետ որեւէ պաշտոնի մասին, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, քննարկումներ չեն եղել: Ինքնաբացարկների մասին ասեմ, որ քննարկել ենք համամասնական պատգամավորների հարցը, բայց դեռեւս դա էլ վերջնական լուծված չէ: վերջնական կլուծվի այն դեպքում, երբ մենք ավելի կհստակեցնենք` ով է գնում կառավարություն, ով է կառավարությունից գալիս պառլամենտ: Որոշակի մոտեցումներ կան, բայց քանի որ վերջնական չի, այդ մասին` հաջորդ նիստից հետո»:Նույնաբովանդակ հաջորդ հարցին Շարմազանովը պատասխանեց ծառուկյանաբար. «Ես ասացի, որ եղել են քննարկումներ, բայց կոալիցիայի մասին կխոսենք հաջորդ դասին»:
Շարմազանովը վերահաստատեց արդեն քանիցս հնչած տեսակետը, որ ՀՀԿ-ն ինքնանպատակ կոալիցիաների կողմնակից չէ. «ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում միշտ էլ ապացուցել է, որ ցանկացած կուսակցական շահ ստորադասել է պետության շահից, բայց սա չի նշանակում, որ պետք է լինեն ինքնանպատակ կոալիցիաներ»: Ասաց, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կոնսոլիդացիայի եւ միասնականության կողմնակից է, բայց դա պետք է բխի ՀՀԿ եւ նախագահ Սարգսյանի ծրագրային դրույթներից: Նա հիշեցրեց, որ դեռեւս ուժի մեջ է 2008-ին կնքված կոալիցիոն հուշագիրը, որի անդամ են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ այդ կոալիցիոն հայտարարության մեջ ֆիքսված է, որ 2013-ինախագահական ընտրություններում այդ երեք քաղաքական ուժերը պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Aravot.am-ի հարցին` նախագահն ի՞նչ մանրամասներ պատմեց իր եւ ԲՀԿ նախագահի հանդիպումից, ՀՀԿ մամուլի խոսնակը ասաց. «Նախագահը տեղեկացրեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների մասին, ոչ միայն ԲՀԿ-ի: Խոսեցինք ոչ միայն ներքին քաղաքականության մասին: Քանի որ նախագահը նոր է վերադարձել Մոսկվայից, ԱՊՀ երկրների շրջանակներում հանդիպումներ է ունեցել, տեղեկություն տվեց նաեւ այդ հանդիպումներից եւ մեր պետության արտաքին քաղաքական վեկտորների վերաբերյալ»: Ի դեպ, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն, ըստ Շարմազանովի, չի նախատեսվում:
Կարդացեք նաև
Վերջնական որոշումները կլինեն արդեն մինչեւ ԱԺ առաջին նիստը` մայիսի 31-ը: Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի հաջորդ նիստը տեղի կունենա ամսի 24-ից հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































