Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` ծառուկյանաբար. «Կոալիցիայի մասին` հաջորդ դասին» (տեսանյութ)

Մայիս 17,2012 23:37

«Նախագահը տեղեկացրեց իր հանդիպումների մասին` այլ կուսակցությունների ղեկավարների հետ: Դեռեւս կոնսուլտացիաները շարունակվում են: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Ցանկացած որոշում, որը որ մենք կկայացնենք, կբխի մեր պետության շահերից: Ամեն դեպքում, մենք պետք է հավատարիմ մնանք մեր գաղափարախոսությանը, մեր ծրագրային դրույթներին եւ, բնականաբար, այն փոփոխությունների կուրսին, որը որ նախաձեռնել է կուսակցությունը` նախագահի գլխավորությամբ: Վարչապետի, նախարարների, այդ թվում նաեւ ԱԺ նախագահի` անուն-ազգանունով հարց չի քննարկվել, այդ թվում նաեւ Էդուարդ Շարմազանովի հետ կապված»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով հնարավոր կոալիցիաների ձեւավորման` ՀՀԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկների եւ նոր կառավարության ձեւավորման մասին լրագրողների հարցերին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Կոնկրետ որեւէ պաշտոնի մասին, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, քննարկումներ չեն եղել: Ինքնաբացարկների մասին ասեմ, որ քննարկել ենք համամասնական պատգամավորների հարցը, բայց դեռեւս դա էլ վերջնական լուծված չէ: վերջնական կլուծվի այն դեպքում, երբ մենք ավելի կհստակեցնենք` ով է գնում կառավարություն, ով է կառավարությունից գալիս պառլամենտ: Որոշակի մոտեցումներ կան, բայց քանի որ վերջնական չի, այդ մասին` հաջորդ նիստից հետո»:Նույնաբովանդակ հաջորդ հարցին Շարմազանովը պատասխանեց ծառուկյանաբար. «Ես ասացի, որ եղել են քննարկումներ, բայց կոալիցիայի մասին կխոսենք հաջորդ դասին»:

Շարմազանովը վերահաստատեց արդեն քանիցս հնչած տեսակետը, որ ՀՀԿ-ն ինքնանպատակ կոալիցիաների կողմնակից չէ. «ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում միշտ էլ ապացուցել է, որ ցանկացած կուսակցական շահ ստորադասել է պետության շահից, բայց սա չի նշանակում, որ պետք է լինեն ինքնանպատակ կոալիցիաներ»: Ասաց, որ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը կոնսոլիդացիայի եւ միասնականության կողմնակից է, բայց դա պետք է բխի ՀՀԿ եւ նախագահ Սարգսյանի ծրագրային դրույթներից: Նա հիշեցրեց, որ դեռեւս ուժի մեջ է 2008-ին կնքված կոալիցիոն հուշագիրը, որի անդամ են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ այդ կոալիցիոն հայտարարության մեջ ֆիքսված է, որ 2013-ինախագահական ընտրություններում այդ երեք քաղաքական ուժերը  պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Aravot.am-ի հարցին` նախագահն ի՞նչ մանրամասներ պատմեց իր եւ ԲՀԿ նախագահի հանդիպումից, ՀՀԿ մամուլի խոսնակը ասաց. «Նախագահը տեղեկացրեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների մասին, ոչ միայն ԲՀԿ-ի: Խոսեցինք ոչ միայն ներքին քաղաքականության մասին: Քանի որ նախագահը նոր է վերադարձել Մոսկվայից, ԱՊՀ երկրների շրջանակներում հանդիպումներ է ունեցել, տեղեկություն տվեց նաեւ այդ հանդիպումներից եւ մեր պետության արտաքին քաղաքական վեկտորների վերաբերյալ»: Ի դեպ, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն, ըստ Շարմազանովի, չի նախատեսվում:

Վերջնական որոշումները կլինեն արդեն մինչեւ ԱԺ առաջին նիստը` մայիսի 31-ը: Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի հաջորդ նիստը տեղի կունենա ամսի 24-ից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031