Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Մայիս 18,2012 17:55

Քրեաօլիգարխիկ վարչախումբը Հայաստանում ամբողջատիրական կարգեր հաստատելու ճանապարհին տարած հերթական «փառահեղ հաղթական» արդյունքի` փուչիկների պայթյունով ու բոցավառմամբ մեկնարկած Ազգային ժողովի «ընտրությունների» խորապատկերի վրա չի կարողանում հաշտվել Երևանի Մաշտոցի պուրակում քաղաքացիական հասարակությունից կրած առաջին պարտության հետ:

Վարչախումբը ,ինչպես նաև նրան հովանավորող արտաքին ուժերը հասկանում են, որ այս հաղթանակը և այն կերտած քաղաքացիական նախաձեռնություններն են իրենց ամբողջատիրական պլանների խափանման միակ իրական վտանգները, ուստի որոշել են հակահարձակման անցնել` իր ճակատագրին տեր կանգնող և ատելի ու կեղեքող վարչախմբից ազատվելու այլընտրանքային ճանապարհի եզրը վերջապես նշմարող քաղաքացիական հանրույթին վարկաբեկելու և ներսից տրոհելու, քաղաքացիական ակտիվությունը սաղմնավորման ու մեկնարկի փուլում խեղդելու և չեզոքացնելու նպատակով:

Վարչախումբը կարծում է, թե արդյունավետ միջոց է գտել: Նա տեղեկատվական-հոգեբանական  պատերազմի զինանոցի  միջոցների անխտրական օգտագործմամբ անակնկալ հոգեբանական հարձակում է ձեռնարկել` ձգտելով ցնցակաթվածի ենթարկել հանրության ազգային-քաղաքացիական գիտակցությունն ու սեռային ենթագիտակցությունը և շեղել նրա ուշադրությունը բոլոր մնացած, այդ թվում` շահարկվող պրոբլեմները ծնող հիմնական պատճառից` իրենից, հանցավոր ու ապազգային իշխանությունից:

Իր վերահաս վախճանը գիտակցող վարչախումբը հետապնդնում է առնվազն հետևյալ նպատակները.

  1. հնարավորինս երկարաձգել ու ամրապնդել իր հանցավոր իշխանությունը` դրանով իսկ  խուսափելով երկրի բարոյական ու նյութական սնանկացման պատասխանատվությունից,
  2. ստվերել քաղաքական օրակարգի անհետաձգելի հարցերը` այլընտրանքային իշխանության ձևավորումը և իշխանափոխությունը,
  3. տրոհել քաղաքացիական դիմադրությունը` «ազգային» և «ազատական»  կեղծ պիտակավորումներով բաժանելով հանրությանը,
  4. լայն հասարակության աչքում վարկաբեկել վարչախմբի կործանման և այլընտրանքի սաղմը` Մաշտոցի պուրակի շարժումը` նրան վերագրելով ապազգային և սանձարձակ հատկանիշներ:

Մենք պետք է սթափ կերպով գիտակցենք, որ նույնիսկ կայացած իրավական համակարգեր ունեցող, զարգացած ու ժողովրդավարական համարվող երկրներում սեռական փոքրամասնություններին առնչվող հարցերի համալիրը դեռևս ավարտուն իրավական կարգավորման ենթարկված չէ, ուստի ժողովրդավարության և քաղաքացիականության ոլորտներում առաջին քայլերն անող մեր հանրության փխրուն միջավայրում դրանց հրահրումը անթույլատրելի է, իսկ անշրջահայաց քննարկումը կսադրի բախման ու խզման կեղծ առանցքի ձևավորում, ինչը ջլատելով ու քայքայելով հանրությանը, ավելի խոցելի կդարձնի նրա առանձին անհատներին ու խմբերին:

Մենք պետք է նաև գիտակցենք, որ վարչախմբի թեթև ձեռքով այսրոպեական խնդիրներ լուծելու նպատակով ասպարեզ նետված այս քննարկումը հղի է նաև ազգային անվտանգության սպառնալիքներով. դրա շահարկմամբ փորձ է արվում մեր համազգային շահերի հաշվին հընթացս օգուտներ քաղել հայ-թուրքական թնջուկի հարցում:

Սարդարապատ շարժումը հանրությանը կոչ է անում չենթարկվել վարչախմբի սադրանքին, չընկնել մի կողմից բիրտ անհանդուրժողականության և անթույլատրելի բռնության և մյուս կողմից` սեռական սանձարձակության ու մարտնչող ապազգայնության միջև մեզ հրամցվող այս յուրօրինակ կեղծ ընտրության երկվության մեջ, չշեղվել քաղաքական օրակարգի  հիմնական` այլընտրանքային ճանապարհով պետականության նորոգման հարցից, այլ տեր կանգնել իր հաղթանակին և զարգացնելով այն` համերաշխության ու միասնական պայքարի միջոցով ստեղծել փոխադարձ հանդուրժողականության ու միմյանց շահերի արդարացի հավասարկշռման վրա հիմնված պետություն և հասարակություն, որտեղ չեն խախտվի մարդկանց իրավունքները, չի լինի հանրային բարոյականության ոտնահարում կամ խտրականություն ու բռնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031