
Եվ այսպես, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչ բիզնեսներ ունի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա համարվում է մեր երկրի ամենախոշոր գործարարներից մեկը: Հայտնի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակից բիզնեսներ ունեն կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Վարդան Այվազյանը, Կարեն Ճշմարիտյանը, Մանվել Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Մարտին Սարգսյանը, Սպարտակ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Արա Բաբլոյանը եւ այլք: Վերջինս, մի քանի հիվանդանոցների հետ միասին, ունի նաեւ ապահովագրական ընկերություն: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ի պատգամավորների արդեն գերակշիռ մասը գործարարներ են: Այս բլոկում են նաեւ ՀՀԿ-ի ու Հայաստանի հայտնի գործարարները: Հակառակ Ս.Սարգսյանի ու իրենց հայտարարությունների` նորից խորհրդարան վերադարձան Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ` Կարեն Կարապետյանը, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը, Վոլոդյա Բադալյանը եւ այլք: Իսկ նոր պատգամավորներից հայտնի գործարարներ են Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Գարեգին Նուշիկյանը, Վրեժ Մարկոսյանը: Բիզնեսներ ունեն նաեւ նախկին թաղապետ, այժմ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, Արթուր Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը: Արդյունքում` մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ի 29 պատգամավորներից առնվազն 24-ը բիզնեսներ ունեն: Հնարավոր է, որ բիզնեսներ չունեն Սամվել Ֆարմանյանը, Սյունիքից ընտրված Հայկ Գրիգորյանը, Արտաշատից` Կարինե Պողոսյանը, Տավուշից` «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների թեկնածու Մարինե Մարաբյանը եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքից ընտրված Արթուր Ստեփանյանը: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակից բիզնեսներ ունեն առնվազն 20 պատգամավորներ: Այսինքն` ՀՀԿ-ի 69 պատգամավորներից 45-ը կամ մոտ 70 տոկոսը գործարար են: Ճիշտ է, նրանց մեծ մասը վերջին տարիներին իրենց բիզնեսները գրանցել են հարազատների անունով:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 ժամ»


















































