Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին չի մեղադրում, Բախշյանն ափսոսում է, որ ճնշումներն ուշացած են

Հունիս 04,2012 11:08

«Երբ որ ես էի այնտեղ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ես ողջ ուշադրությամբ հետեւում էի, որ նման խախտումներ չլինեն, եւ փորձում էի կանխել: Բայց հիմա այնտեղ…դե չգիտեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը՝ ԱԺ անդրանիկ նիստում հանձնաժողովների նախագահների ընտրության բաց քվեարկությանը:

«Ժառանգության» համագումարին կուսակցության անդամներից մեկի՝ Դանիել Իոանիսսյանի հրապարակային դժգոհությունը ցույց տվեց, որ կուսակցության ներսում առ այսօր չեն հաշտվել, որ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը չեն լինելու 5-րդ գումարման խորհրդարանում: Դանիելը վստահեցրեց, որ շատերն են իր պես մտածում ու լուրջ տարաձայնություններ ունեն այդ առումով կուսակցության վարչության հետ: Մենք տիկին Բախշյանից հետաքրքրվեցինք՝ Դուք կուսակցության ներսում եք, Ձեզ հասած կլինեն այդ դժգոհությունները՝ նա պատասխանեց՝ «Այո, այդ դժգոհությունները, անհամաձայնությունները եղել են, բայց կուսակցությունը հենց դրանով է հետաքրքիր, որ կան այդ անհամաձայնությունները: Բայց եղել է մեծ խորհուրդ, խորհրդում քվեարկությամբ մեծամասնությունն է որոշել դա, արդեն այդ քննարկելը իմաստ չունի»: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ հիմա խոսում եմ նրանք, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը, իսկ մասնակցողները պարզապես լռում են: Մեր հարցին՝ տեսնելով, որ ժողովուրդը պահանջում է, հնարավոր չէ՞ր քայլ կատարել՝ ժողովրդին ընդառաջ, ոչ թե ասել՝ կա կուսակցության որոշում ու դրանով հարցը փակված համարել՝ տիկին Բախշյանը պատասխանեց. «Ցավոք, մինչեւ ընտրությունը չի եղել ճնշումներ, եղավ ընտրությունից հետո, երբ ոչ մեկը ոչինչ չի կարող անել»:

Իսկ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չի կարելի մեղադրել նրա համար, որ չի հավատացել, թե ինչի են ընդունակ մեր իշխանությունները. «Նույնն կերպ ես էլ եմ մեղավոր, որ 5 տարի լինելով այդ պառլամենտում նստած՝ ինքս էլ չեմ պատկերացրել: Ում մտքով կանցներ, որ աշխատող խմբակցությունը 7 տեղից պիտի վերադառնար 5 տեղի»: Ինչ վերաբերում է պարտադրելուն, որ մանդատները վայր դնեն ու այն հասնի տիկին Բախշյանին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Միգուցե դա շատ ճիշտ է անել այլ կուսակցություններում: Դա լավ բան չի, երբ տեղի է ունենում: Եթե դա տեղի է ունենում, նշանակում է, որ կուսակցութան առջեւ դրված նպատակները ստիպում են նրան վերակազմակերպել իր թիմը: Բայց հավատացեք, ցանկացած պարագայում դա լավ բան չի: Եվ թելադրելը լավ չի, որ մարդիկ ցած դնեն մանդատները, եւ նաեւ՝ որ դա տեղի է ունենում: Ժողովրդի պահանջի առջեւ խոնարհվելով՝ մի բան, այնուամենայնիվ, հստակ է, դա տեղի կարող է ունենալ միայն մի պատճառով, եթե «Ժառանգությունը» վստահ չլինի, որ այդ 5 հոգին կամ 5-ից 3-ը այնուամենայնիվ, կիրականացնեն այն խնդիրները, որոնք խորհրդարանում իր առջեւ դրվել են: Որեւէ մեկի դիկտատով թիմի վերակազմավորումը, չեմ կարծում, որ պիտի տեղի ունենա: Բայց դա լավ օրից չէ, որ կարվի, ու դա լավ բան չէ, որ արվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930