Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։
2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, զոհվել է 22-ամյա փրկարար Սամվել Դևելյանը։ Նրա մահից հետո ժառանգության ձևակերպման ընթացքում ծնողներն իմացել են, որ Սամվելն ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։
Ընտանիքը կարծել է, թե կենսաթոշակային հաշվի մնացորդը ժառանգելու համար ցանկացած ժամանակ կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»։ Նրանք տեղյակ չեն եղել, որ օրենքով սահմանված ժամկետներ կան, և որ դրանք լրանալուց հետո Ֆինանսների նախարարությունը կարող է դիմել դատարան՝ Սամվելի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու պահանջով։
19-ամյա Լյոնիկ Հերքոյանն էլ մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով։ Նա գրանցված աշխատող է եղել և ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Մահից հետո հարազատները չեն իմացել հաշվի առկայության մասին, որպեսզի դիմեին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»՝ ժառանգությունը ձևակերպելու համար։ Օրենքով սահմանված 3 տարին լրանալուց հետո Դեպոզիտարիան այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը։ Վերջինս էլ, հիմնվելով այդ փաստի վրա, դիմել է դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվի միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջով։
Կարդացեք նաև
Տարեկան հարյուրավոր հայցեր՝ մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով
Ֆինանսների նախարարությունը քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով 2021 թվականին 119 հայց է ուղարկել դատարան, 2022-ին՝ 319 հայց, 2023, 2024 թվականներին չեն եղել այդպիսի հայցեր, 2025 թվականին դատարան է ուղարկել 87 հայց, 2026-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ 128 հայց։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։



















































