
Լարիսա Ալավերդյանը, սակայն, ուշադիր ուսումնասիրել է «Ժառանգության» համագումարում հնչած ելույթները: Իսկ թե ի՞նչ եզրահանգումներ է արել` Aravot.am-ի հարցին`ասաց. «Ես դեռ չեմ հանդիպել, եթե այսօր կարողանամ հանդիպել նախկինում պատգամավոր իմ գործընկերների հետ` ավելի մանրամասն կարծիք կձեւավորեմ: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Ժառանգությունը» դեռ ունի ցանկություն վերականգնելու, ինչ-որ նոր ձեւով ընթանալու: Ես դա ողջունում եմ: Չգիտեմ` դա ինչքանով կստացվի, բայց այն, որ իմ կոլեգաներն ընտրվել են վարչության անդամ, հուսամ, որ կլինի այն «Ժառանգությունը», որը որ ես գիտեմ: «Ժառանգությունը» ես գիտեմ 2007-ի կուսակցությունը»:
Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» անդամ չի եղել, հետեւաբար, նաեւ զուտ կանոնադրական իմաստով երբեք էլ կուսակցության վարչությունում ընդգրկված չի եղել: Նա մասնակցել է միայն վարչության ընդլայնված նիստերին: Թե այսուհետ ի՞նչ կերպ կշարունակի իր համագործակցությունը «Ժառանգության» հետ ասաց. «Որտեղ, որ ես պահանջված լինեմ: Ուղղակի ժամանակս պետք է թույլ տա: Հիմա, այս կրթական օջախում զբաղվածությունս շատ է, բայց ես որեւէ խնդիր չեմ դնելու, եթե կարողանամ` մասնակցելու եմ»: Հիշեցնենք, որ, տիկին Ալավերդյանն այժմ ղեկավարում է Սլավոնական համալսարանի մարդու իրավունքների նորաբաց ամբիոնը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































