
Արեգ Միքայելյանի կարծիքով, նորանկախ Հայաստանն աչքաթող է արել գիտությունը. «Գիտնականներն 90-ականներին պասիվ էին, քանի որ օրվա հացի խնդիր էին լուծում, բայց հիմա երկիրը ոտքի է կանգնել: Եթե զարգացում ենք ուզում, ապա առաջնահերթ գիտությանը պետք է ուշադրություն դարձնել. Չէ՞ որ հայերը մտքի ժողովուրդ են»:
Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն առանձնացրեց հրատապ լուծում պահանջող 3 խնդիր. առաջնահերթ, աշխատանքային համապատասխան պայմանների ստեղծում՝ ժամանակակից գիտական սարքավորումների ներդրում, գիտնականների աշխատավարձերի բարձրացում, իսկ 3-րդ խնդիրը վերոհիշյալների հետեւանքն է. «Բնական գիտությունների ոլորտում հոյակապ երիտասարդներ ունենք, ովքեր մեկնում են Եվրոպա ու ԱՄՆ, հեշտությամբ աշխատանք գտնում եւ բարձր վարձատրվում: Բացի այդ, մեր գիտական սարքավորումները 15-20 տարվա պատմություն ունեն, մինչդեռ նորմալ երկրներում դրանք 8 տարին մեկ պարտադիր թարմացվում են: Իսկ ակադեմիական համակարգում աշխատողները ստանում են ընդամենը 65.000 դրամ:» Ակադեմիկոսը հավելեց, որ զարգացած երկրներում գիտությանը տրամադրվում է համախառն ներքին արդյունքի 1-3 տոկոսը, մինչդեռ մեզանում թիվը կազմում է 0.24 տոկոս: «Բոլոր կուսակցությունները շեշտում են գիտության ֆինանսավորման բարձրացումը՝ առանց նշելու միջոցներն ու աղբյուրները: Չեմ կարծում, որ դա անելու են հարուստներին ստվերից դուրս բերելով: Ոչ մի քաղաքական ուժի հետ հույսեր չեմ կապում»,-եզրափակեց ակադեմիկոսը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև


















































