104-ամյա Հրանտ Կարապետյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերան է՝ կուրծքը տասնյակ մեդալներով, շքանշաններով զարդարված։ Մասնակից եղավ իր հեղինակած «От прадеда до правнука. Семейная сага ветерана Великой Отечественной войны» գրքի շնորհանդեսին, որը կայացավ 2026թ․ ապրիլի 3-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում։
Վետերանի գրքի շնորհանդեսը կազմակերպել էին «Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորում» և Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունները։ Գիրքը մի ընտանիքի պատմություն է, որը նաև կապող կամուրջ է սերունդների միջև։ Տպագրվել է Մոսկվայում 2026 թվականին «Կնիժնիյ միր» հրատարակչությունում ՝ «Դիալոգ»-ի հիմնադիր նախագահ Յուրա Նավոյանի հովանավորությամբ։
Կարդացեք նաև
«Դիալոգ» մատենաշարի 14-րդ թողարկումն է՝ Ելենա Շուվաևայի խմբագրմամբ։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, «Դիալոգ» ԿՀ նախագահ Յուրա Նավոյանը, քաղաքական, մշակութային գործիչներ, գրքի հեղինակի հարազատներ, դպրոցականներ, հյուրեր։
Շնորհանդեսը բացվեց փողային նվագախմբի՝ Մեծ Հայրենականի օրերին ծնված զինվորական երթերի երաժշտությամբ։ Իր խոսքում Յու․ Նավոյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ հայ-ռուս ժողովուրդների բարեկամության պահպանմանը։ Իսկ նոր հրատարակված գիրքը նաև այդ ուղղությամբ է կարևոր։ Այն հանդիսանում է խորհրդանիշ հայ-ռուս ժողովուրդների սերունդների համար։ Ասաց նաև՝ 2022 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ առթիվ տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» հայերեն և ռուսերեն եռահատորյակը։
«Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նշեց՝ այժմ Հայաստանի Հանրապետությունում կա Մեծ հայրենականի 27 վետերան, որոնցից ավագը գրքի հեղինակ Հրանտ Կարապետյանն է։ Իսկ գրքի լույսընծայումը կայացել է «Դիալոգ»-ի նախագահի շնորհիվ։ Հաջորդը տարիքով Մեխակ Ավետիսյանն է Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղից։ Ներկաներին ողջունեց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նույնպես անդրադարձավ հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության պահպանմանն ու ամրապնդմանը՝ կարևորելով Յու․ Նավոյանի դերն այդ հարցում։ Շնորհավորեց Հ․ Կարապետյանին գրքի լույսընծայման համար։ Հ․ Կարապետյանը ծնվել է 1921թ․ նոյեմբերի 7-ին Երևանում ուսուցիչների ընտանիքում։ 2025-ին հոր՝ Մելիքսեթ Կարապետյանին աքսորել են Սիբիր։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ ապրել են մեծ դժվարությամբ և 1935-ին վերադարձել Հայաստան։ Հեղինակը հիշողություններ պատմեց Մեծ Հայրենականից։ Այդ մասին գրված է նաև գրքում․ դպրոցը նոր ավարտած՝ դասարանցիներով Կոմերիտմիության այգում հունիսի 22-ին լսել են Լևիտանի խոսքն սկսված պատերազմի մասին, և ընկերներով շտապել են զինկոմիսարիատ՝ խնդրելով իրենց ճակատ ուղարկել։ Բնական է՝ զինկոմը նրանց հեռացրել է՝ ասելով․ «Ձեր հերթն էլ կհասնի․ այժմ թողեք աշխատենք»։
1941թ․ օգոստոսին արդեն 70 կամավորների ուղարկել են Թբիլիսի՝ ռազմական ուսումնարան։ Սակայն ընդամենը 30 հոգի են ընդունվել, նաև՝ ինքը։ Այդ ժամանակ ինչ-որ պատճառով փակվել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանը և Հ․ Կարապետյանն ուսումը շարունակել է Բաքվի ռազմականում։ Սովորել է ռազմական տարբեր մասնագիտություններ, զբաղվել ալպինիզմով։ 1944-ից արդեն ռազմաճակատում էր և 45-ի ապրիլի 28-ին Պրահայի մատույցներում վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։ Մեկ տարի անց զորացրվել է։
Գրքի խմբագիր Ելենա Շուվաևան ասաց՝ հեղինակն աշխատությունն սկսել է գրել 93 տարեկանում և ավարտել 94-ում։ Իսկ գրքի ստեղծմանը նրան օգնել են երեխաները, թոռները, որոնց համար թանկ է եղել Կարապետյանների ազգի պատմությունը։ Արդեն առկա գրքի համար նյութ են ծառայել հին գրությունները, լուսանկարները, այլ նյութեր՝ կապված պատերազմի և հետագա տարիների հետ։ Անցնելով պատերազմի արհավիրքով՝ Հ․ Կարապետյանը հետագայում իր աշխատանքով է ծառայել հայրենիքին։ Իսկ գիրքը ոչ միայն ընտանեկան պատմություն է, այլ հեղինակի ապրած ողջ ժամանակաշրջանի պատմությունն է։ Եղան այլ ելույթներ ևս։ Բոլորն էլ իրենց գնահատանքի խոսքն ուղղեցին հեղինակին, որ այդ տարիքում փաստա-գեղարվեստական հրաշալի գիրք է գրել։ Սամվել Կարախանյանը, շնորհավորելով հեղինակին, կարևորեց նաև այն, որ նա նաև նկարում է, իսկ գրքի կազմին հեղինակի՝ բարություն հաղորդող նկարներից է՝ Սևանա լիճը՝ սպիտակ թռչուններով։ Շնորհանդեսին զուգահեռ ցուցադրվեցին նաև հեղինակի մի քանի կտավ՝ Հայոց երկրի պատկերներով։ Վերջում հեղինակն իր ստորագրությամբ գիրքը նվիրեց ներկաներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ







































































