Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները՝ դատադուլից առաջ

Հունիս 06,2012 13:17 Share

Առաջիկայում մեր բառամթերքում տեղ կգտնի «դատադուլ» բառը: Դրա հեղինակային իրավունքը պատկանում է հայրենի փաստաբաններին, որոնք մտադիր են բողոքի ձեւ ընտրել նաեւ դատադուլները, այն է՝ չգնալ դատական նիստերի, դատարաններ:

Հայաստանի փաստաբանները թե իրենց պաշտոնական կայքէջում, թե սոցիալական ցանցերում երեկ տարածել են հայտարարություն, որ հունիսի 11-ին կհստակեցնեն ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ իրենց դիրքորոշումները՝ կապված հետագա քայլերի հետ:

Անցյալ շաբաթ փաստաբանական հրետանին՝ Մելանյա Առուստամյան, Արա Զոհրաբյան, Գեւորգ Գյոզալյան, Գեւորգ Դավթյան, Ռուբեն Ռշտունի, Ալեքսանդր Սիրունյան, Կարեն Մեժլումյան, Երվանդ Վարոսյան, Նիկոլայ Բաղդասարյան, Լիանա Բալյան… կազմով փաստաբանների պալատում արտակարգ հավաք էր կազմակերպել: Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հանիրավի մերժվող դիմումներն են, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը, համաձայն որի, եթե վճռաբեկ ատյանը վերադարձնում է բողոքաբերի դիմումը, այն պետք է լինի ոչ թե մակերեսային, այլ՝ պատճառաբանված ձեւակերպմամբ:

Փաստաբաններն ընդվզել էին եւ բերում էին տասնյակ գործեր իրենց պրակտիկայից: Ակնարկվում էր այն, որ ՀՀ վճռաբեկ ատյանը «տանիք» է դարձել ստորադաս դատարաններին եւ գործել է արդարադատության իրականացման դեմ: Ի դեպ, առաջարկվեց դիմել գործադուլի, դատադուլ անել, բողոքի ցույց կազմակերպել, դիմել հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի քրեական գործ հարուցվեն դատավորների դեմ:

Վկայակոչվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածը՝ «դատական ակտը դիտավորությամբ չկատարելը»:

Փաստաբանները բաժանել են իրենց մտադրությունները սոցիալական ցանցերում գրանցված գործընկերներին: Նախաձեռնությունը համակարգում է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը:

Ի դեպ, նա վերջերս բախվել էր մի գործով գործող դատավորի դեմ, երբ քաղաքացիական գործով դատավորը մի շարք նորմատիվ խախտումներ է թույլ տվել, եւ նրա վստահորդն էլ վճռաբեկ դատարան դիմելով՝ չի կարողացել վերականգնել արդարությունը: Այդ գործով փաստաբանի պրոբլեմն այն էր, որ  դատավարական կողմի հայրը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն էր: Փաստաբանի վստահորդը դատավորի նախկին փեսան էր, որի ամուսնալուծությունից հետո սկսվել էին փեսայի նկատմամբ իրավական հետապնդումներ նաեւ:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հայտնել էր, որ մի շարք ապացույցների վերաբերյալ իրենք առարկություններ ունեն: Այսինքն՝ ոչ միայն վճռաբեկ դատարանի համար է պարտադիր ապացույց հետազոտելը, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջն է նաեւ այդ:

Վճռաբեկ ատյանը ակամայից հայտնի դարձած այս գործով մերժել էր դատավորի նախկին փեսայի բողոքը քննության առնել: «Վճռաբեկ դատարանն ինձ 4 տող է պատասխանել, որ դուք չեք պատճառաբանել, թե ինչ նյութական կամ դատավարական նորմ է խախտվել: Այնինչ, իմ բողոքը եղել է 14 էջ, որից 9 էջում խոսել եմ դատավարական նորմի, իսկ 9-14 էջերում՝ նյութական իրավունքի նորմի խախտման մասին»,- ասում է փաստաբան Գյոզալյանը:

Փաստաբաններից շատերի կարծիքով՝ վճռաբեկ դատարանի դատավորները չեն էլ կարդում իրենց ներկայացրած բողոքները:

Հետաքրքիր առաջարկներ են անում փաստաբանները: Նրանք առաջարկում են, որպեսզի վճռաբեկ դատարանի բողոքները վարույթ ընդունելիս  կամ չընդունելիս ձայնագրառվեն քննարկումները, մի բան, որ մինչ օրս չկա եւ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են դրանք տեղի ունենում:

Փաստաբանները պնդում են, որ քանի որ Սահմանադրությամբ բարձրագույն դատարան է համարվում ՀՀ վճռաբեկ դատարանը, հետեւաբար, անհրաժեշտ է, որ նա հսկողություն իրականացնի ստորադաս դատարանների նկատմամբ էլ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930