Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ինչպե՞ս պիտի յուրացներ իշխանությունը, երբ տևական ժամանակ՝ տուն, աշխատավայր, մեքենա եղել են խոշորացույցի տակ»․ ի՞նչ է կատարվում Վարդան Ղուկասյանի շուրջ

Հունիս 26,2026 20:15 Share

Գյումրու՝ 8 ամիս շարունակ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր ևս մի նոր մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

Հաղորդագրության մեջ նշված է․ «Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և, գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։

Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ.Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որին ևս այդ օրը՝ դատական նիստի ավարտից հետո, ոստիկանները քաշքշել էին դատարանում (լրատվամիջոցներով տարածվել է տեսանյութ), դատական նիստից անմիջապես հետո Aravot.am-ին ասել էր․ «Տպավորություն ունեմ, որ կա հստակ հանձնարարություն Վարդան Ղուկասյանին սադրելու»։

Նա՝ որպես միջադեպի մասնակից ու ականատես, պատմել էր հետևյալը․ «Ոստիկանները կանգնած պիտի լինեին Վարդան Ղուկասյանի մոտ, իրենց պարտականությունը դա էր։ Ոստիկանների մի մասը դահլիճի այլ հատվածներում էին կանգնած, թե ինչու, դա ես չգիտեմ։ Երբ դատական նիստն ավարտվեց, ես իմ փաստաթղթերն էի հավաքում, չէի էլ նայում ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկաններից մեկը դահլիճի ինչ-որ մի մասից գալիս է Վարդան Ղուկասյանի մոտ և ընթացքում իմ ձեռքից բռնելով՝ ինձ մի կողմ են հրում և սկսում են հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա, որն այդ պահին լրագրողների ոչ մի հարցի չէր պատասխանում։

Սա լռեցնելու փորձ էր, որ հանկարծ նա ոչ մի բան չխոսի, ոստիկանները ոչ թե ասում են՝ արի գնանք, այլ քաշում են, չեն թողնում մարդը տեղից վեր կենա։ Քաշում են՝ շատ կոպիտ ու գռեհիկ ձևով։

Տեսնելով, որ մարդուն քաշքշելով են տանում, մտա նրանց մեջ, Վարդան Ղուկասյանը շատ հանգիստ շարունակեց գնալ։ Այսինքն՝ եթե մարդուն չքաշեին, ինքը գնում էր։ Երբ ես մոտեցա, Վարդան Ղուկասյանը հանգիստ գնաց, տեսագրությունները կան։ Քաշքշելը կողքի աչքի համար էլ է նյարդայնացնող, անթույլատրելի է և գռեհիկ է։ Ինչո՞ւ եք մարդու քաշքշում»։

Նշենք, որ ԱԺ ընտրություններից երկու օր առաջ էլ՝ հունիսի 5-ին, ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրեց նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը) նախաձեռնելու մասին։

Քննչական կոմիտեի հաղորդագրությանը կցված էր նաև Վարդան Ղուկասյանին վերագրվող հեռախոսազրույցից մի ձայնագրություն, ըստ որի՝ նա ասում է․ «Ես մի քայլ, կես քայլ, դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու»։

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Վարդան Ղուկասյանը 2025 թվականին ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով նախապատրաստել է իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը»։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս կասկածանքով նոր հանրային քրեական հետապնդում, նոր մեղադրանք Վարդան Ղուկասյանի նկատմամբ չկա, ուղղակի կար անոնս, որի վերաբերյալ ինքը համապատասխան իրավական ընթացակարգով ներկայացրել է փաստաթուղթ։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ դա հերթական պրիմիտիվ, միգուցե վախեցնելու միջոցն էր, եթե լիներ խելքին մոտ ինչ-որ ապացուցողական հենք, ապա այդ քրեական հետապնդումը կլիներ, որովհետև նույն իրենց կողմից տարածած հայտարարության պարբերությունները այնքան հակասականություն, իրարամերժություն էին պարունակում, ես չգիտեմ, ինչի համար էին դա հրապարակել։

Ասում են՝ իբր թե պարոն Ղուկասյանը ցանկացել է իշխանություն յուրացնել, բայց մի հարց այդ Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին․ էդ ո՞նց մարդը պետք է փորձեր իշխանություն յուրացնել, երբ դուք իր նկատմամբ երկար ժամանակ ներքին դիտում, արտաքին դիտում եք իրականացրել, տուն, աշխատավայր, ավտոմեքենա, ինքը եղել է խոշորացույցի տակ։ Ակնհայտ է՝ եթե դա այդպես լիներ, դրա համար պետք է լինեին հատուկ քայլեր, չեն եղել։

Իշխանություն յուրացնելն էդքան հե՞շտ է, եթե էդքան հեշտ լիներ, անընդհատ ինչ-որ մեկը կփորձեր յուրացնել։ Այդպիսի մեղադրանք ներկայացնելը կամ հայտարարելը պետք է ունենա բավարար ապացուցողական հիմք և նաև խելքին մոտ հիմք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ ընտրություններում․ 80 հազար մարդու՝ առանց մատնահետքի քվեարկություն, բանակի քվեարկություն ընտրությունների ավարտից հետո, վերաքվեարկության չկազմակերպում, այս բոլորն են իրական ապացուցողական հենքով իշխանության յուրացում՝ գործող իշխանությունների կողմից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930