Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Բալայանը՝ ազգային դպրոցի եւ անլեզու ջահելության մասին. «Հայաստանում ի՞նչ օտարալեզու դպրոց»

Հունիս 06,2012 15:44

 

Aravot.am-ն այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը եւ օտարալեզու դպրոց ասվածին: «Չեմ հասկանում ՝ ի՞նչ օտարալեզու դպրոց, Հայաստանում ենք, ուրեմն պետք է լինի ազգային դպրոց: Թող ավելացնեն լեզուները, ժամերը, լա՛վ սովորեցնեն, թե չէ՝ օտարալեզու դպրոցը ո՞րն է, մենք ո՞ւմ համար ենք կադրեր պատրաստում»,-պատասխանեց պարոն Բալայանը:

Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում պետք է լինի նորմալ ազգային դպրոց, ինչպես ողջ աշխարհում է, իսկ լեզուների հարցը շատ խիստ դրվի. «Թե չէ՝ անլեզու ջահելություն է մեծանում»:

Մեր դիտարկմանը, որ ընդունելության քննությունների ժամանակ դիմորդներն այլ օտար լեզու հանձնելու դեպքում այս տարվանից կարող են ընտրել նաեւ ռուսերենը, ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը քայլը ողջունելի է համարում ու համոզում ունի, թե շատերը կգերադասեն ոչ թե անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն, այլ հենց ռուսերեն: Միայն մի բանից է դժգոհ՝ քննությունների թեստային եղանակից, ասում է՝ պլուս-մինուսներով լեզվի քննություն չեն ընդունում կամ թեստ պարապելով՝ լեզու սովորում:

Aravot.am-ի այն հարցին, թե Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հայտարարում է, որ «բաց» է առաջարկների համար, ռուս բանասիրության ֆակուլտետի մասնագետները կառույցին առաջարկներ կամ մտահոգություններ ներկայացրե՞լ են, Պավել Բալայանը պատասխանեց. «Մենք մեզ առաջ չենք գցում, բայց եթե առաջարկում են, միշտ էլ մասնակցում ենք թեստերի կազմմանը: Մի փաստ, այսքան տարիներ, երբ մերոնք են պատրաստել թեստերը, տարրական բողոքարկում կամ սկանդալ չի եղել»:

Մեր հաջորդ հարցին՝ իրենց ֆակուլտետում, թե Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում են ռուսերենի լավագույն մասնագետները, մեր զրուցակիցը պատասխանեց. « Իհարկե՝ մեզ մոտ: Ես հաստատ կարող եմ ասել, որ ռուսաց լեզվի բազային ֆակուլտետը մերն է եւ բոլոր բուհերում մեր ավարտած կադրերն են աշխատում, այդ թվում ե՛ւ Բրյուսովում, ե՛ւ Սլավոնականում: Ի դեպ, կա համապատասխան վիճակագրություն»:

Բրյուսովյան աժիոտաժը եւ ռեկտորի պաշտոնանկությունը պարոն Բալայանը չկամեցավ մեկնաբանել. «Դրա վերաբերյալ ոչ մի կարծիք չունեմ: Իհարկե շատ հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքն ունեմ, իսկ օֆիցիալ առումով չեմ ուզում խառնվել, մանավանդ՝ մանրամասներից տեղյակ չեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930