Դրամի արժեզրկման հիմնական պատճառը մայիսին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ չբացառեց, որ ընտրություններն իրոք դեր են խաղացել դրամի էժանացման գործում, սակայն պարոն Մանասերյանը նշեց, որ ավելի շատ ազդեցություն է թողել եվրոյի անկումն ամբողջ աշխարհում:
ԿԲ նախկին նախագահն էլ հավելեց, որ նմանատիպ երեւույթներ տեղի են ունենում նաեւ հարեւան երկրներում, օրինակ` Ռուսաստանում ռուբլին վերջին 3 շաբաթում մոտ 10%-ով արժեզրկվել է, սակայն . «Պետք է հաշվի առնել, որ չնայած մենք Ռուսաստանի շուկայի հետ կապված ենք, բայց արժութային շուկաները բացարձակ կապված չեն: Ռուբլու անկումը կապված է նավթի գների անկման հետ, որը կազմել է՝ վերջին 2 ամսում 25%»:
Իսկ ինչ վերաբերում է հայկական դրամի արժեզրկմանը, պարոն Ասատրյանը բերեց մի շարք պատճառներ. «Հայաստանից առկա է արտարժույթի տեսանելի փախուստ: Օրինակ` միջազգային պահուստների մակարդակը դեկտեմբերի 31-ին եղել է 1 միլիարդ 930 միլիոն դոլար, մարտի վերջին` 1 միլիարդ 708 միլիոն, նվազումը շարունակվեց նաեւ ապրիլին ` մոտ 1 միլիարդ 680: Այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարի պահուստների նվազում ենք ունեցել»:
Կարդացեք նաև
Բագրատ Ասատրյանի խոսքերով` տարեսկզբին էքսպորտի աճը եղել է 32%, իմպորտի աճը` 10 %-ից էլ պակաս. «Այսինքն բացարձակ թվերով մենք հավելյալ արտարժույթի ներհոսք ենք ունեցել: Արտահոսքը առաջին 3 ամիսներին կազմել է մոտավորապես 350 միլիոն դոլար»:
Դրամի արժեզրկման հիմնական հանգամանքը ընտրություններն են, վստահեցրեց ԿԲ նախկին ղեկավարը եւ ներկայացրեց, համեմատեց նախորդ եւ այս տարվա ընտրությունների ժամանակ կանխիկ դրամի շրջանառության ցուցանիշները: «Սովորական տարիներին կանխիկը շրջանառության մեջ աճում է 1-2%-ով, իսկ ընտրական տարիներին՝ 5-6 տոկոսով: 2012-ին, ո՞նց ասեմ, մեր «բարերարները փողը ավելի ուշ են բաժանել: Ապրիլի ընթացքում ընդամենը 5% աճ է եղել կանխիկի շրջանառության, իսկ մայիսի առաջին օրերին, մինչեւ ընտրության օրը ներառյալ, օրական աճը այնքան է եղել, որքան նախորդ տարիների մարտ, ապրիլ ամիսներին: Ապրիլի վերջից մինչեւ մայիսի 7-ը, կանխիկը շրջանառության մեջ աճեց 10 %-ով: Համատարած փող է բաժանվել»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ վստահեցրեց, որ ամռանը, մոտ ապագայում, դրամի արժեզրկմանը հակակշռող միտումներ ի հայտ կգան` տնտեսության աշխուժացմամբ: Պարոն Մանասերյանի դիտարկմամբ` «Ներմուծման այս տեմպերի պարագայում, որ գնաճը մեծ չէ, անգամ նվազման միտում կա, տեղական արտադրողներից ոմանք կամայական գին են բարձրացնում՝ օրինակ ցեմենտը: Կարծում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար սա լուրջ քննարկման առարկա է»:
Հարցին՝ թե որքանով գնաճը կավելանա եւ կյանքը կթանկանա, Բագրատ Ասատրյանն ասաց. «Ամեն ինչ կախված է այն անձանցից, թե ինչ ախորժակ ունեն նրանք, ովքեր մտան պառլամենտ»:
Այս սեզոնին տնտեսության աճ ապահովելու հույսը, ինչ-որ առումով, տնային տնտեսուհիներն են, որոնք իրենց պահածոները պատրաստելով ավելի մեծ ներդրում են անում, քան զբոսաշրջությունը. «Բանկա,կոմպոտ, մուրաբա՝ շատ լուրջ ազդեցություն են թողնում տնտեսության վրա: Իսկ Հայաստան եկող տուրիստները փող ծախսող չեն, գալիս են մեր բարեկամները, ապրում` մեր տներում, ոչ թե հյուրանոցներում, մի բան էլ մենք ենք փող ծախսում…այլ երկրներում տուրիստները 1 շաբաթում 1-2 հազար դոլար են ծախսում, իսկ մեզ մոտ` 200»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ