
Մեր վերահսկիչ պալատը միլիոնավոր դրամների ֆինանսական չարաշահումներ է բացահայտում ամեն տարի, սակայն բացահայտվողներին ոչ թե դատախազություն կամ ԱԱԾ են քարշ տալիս, այլ ընդամենը ստիպում են «աշխատանքով, գումարով կամ բարտերով» վերականգնել գողացածը: Ահա այս բոլորից հետո արի ու հավատա «փողերի լվացմանը»: Չնայած` մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, եւ ոչ ոք դրան դեմ լինել չի կարող: Սակայն, կարծում ենք, ով` ով, ԱԱԾ-ն ամենից լավ գիտի, թե ո՞նց են երկիրը աջուձախից այս խնդիրը շահարկելով ցեխի մեջ մտցնելու: Եվ ամենավերջին, բայց ինչու` ամենաառաջին աչքի զարնող հանգամանքը. եթե ԲՀԿ ցուցակի երկրորդ մարդուն այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում, ապա ինչո՞ւ չի արտահայտվում ԲՀԿ առաջին մարդը, արդյո՞ք այն պատճառով, որ ոչ հրապարակայնորեն նա իր տեսակետներն այս հարցի հետ կապված արդեն արտահայտել է: Հիշեցնենք, որ ինքը` Օսկանյանը, մեկ օր առաջ հայտարարել էր, որ այս ողջ գործընթացի տակ քաղաքական պատվեր է տեսնում: Ու հասարակ մարդու մտքում առաջին զուգահեռը որ ծնվում է` ոչ թե այն է, թե վայ, Օսյկանյանը փող է կերել ու հարկ չի տվել, այլ այն, որ «դեմը նախագահական ընտրություններ են, ու մի հավակնորդի շարքից հանում են»: Մնում է ենթադրել, թե արդյո՞ք տեղի ունեցողի հետ կապված գլոբալ դիմակայություն չի արձանագրվի (ասենք` նույնիսկ Սարգսյան-Քոչարյան մակարդակի), թե՞ բոլորը հանգիստ կնայեն, թե ինչպես են Օսկանյանին հանձնում: Կամ գուցե ավելի հեռուն գնացող գործընթացների մեկնարկ է տրվում…
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»


















































