Մինչ ՀՀ կառավարման տարբեր օղակների ներկայացուցիչներն ու «Վալլեքս Գրուպ» ընկերությունների ղեկավարությունը պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը դրականորեն է ազդելու ՀՀ տնտեսության զարգացման վրա` խթանելով Թեղուտում աշխատատեղերի ստեղծմանը, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակիվիստիներն ու բնապահպանները ահազանգում են, որ այդ ծրագրով Թեղուտում աղքատությունը ոչ միայն չի վերանա, այլեւ նպաստավոր հող կդառնա առանց այդ էլ ահագնացող արտագաղթի համար:
Նրանց համոզմամբ, աղքատության վերացման համար ծրագիրը խիստ կարճաժամկետ է, որովհետեւ տարիներ անց այդ տարածքում մարդը զրկվելու է առողջ ապրելու, առողջ սերունդ տալու հնարավորությունից:
Կարդացեք նաև
«Այնտեղ ոչ ապրելու հնարավորություն են ունենալու, ոչ օդ, ոչ նորմալ երեխա է ծնվելու: Լավագույն դեպքում մարդիկ պարզապես ինչ-որ գումար կվաստակեն, եւ դա բավարար կլինի, որ նրանք հեռանան այդ տարածքից, որովհետեւ այդ տարածքում ապրել եւ մեծացնել երեխաներ, այլեւս հնարավոր չի լինի»,- Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում կազմակերպված երիտասարդական ֆորումի շրջանակներում ասաց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստ Լենա Նազարյանը:

Ըստ նրա` Թեղուտի տարածքը հսկայական պոտենցիալ է, որը այս ծրագրով պետք է պետության տնտեսական հաշվեկշռից ուղղակի հանվի:
«Դառնալու է մեռյալ գոտի, այնտեղ էլ ոչինչ չես կարող իրականացնել»,- նշում է իրավաբանը` բացատրելով, որ հանքարդյունահանողը 10, 30 տարի հետո, ամբողջ շահույթը ձեռքին, կգնա` մեզ որպես ժառանգություն թողնելով անտառահատ տարածք ու պոչամբարի մեջ կուտակված ահռելի քանակությամբ թունավոր նյութեր:
«Այդ ամբողջ կեղտը իր թունավոր նյութերով մնալու է այդտեղ հավերժ»,- նշում է նա:
Գրիգորյանի համոզմամբ, ՀՀ կառավարությունը դիտավորյալ այդ տարածքում այլընտրանքային հնարավորություններ չի զարգացնում` բնակիչներին այլ ելք չթողնելով, քան սեփական առողջության հաշվին այդ ծայրահեղ քայլին դիմելն է:
«Այստեղ կա դիտավորություն: Այն մարդիկ, ովքեր այսօր օրենք են ընդունում, դիտավորյալ այնպիսի օրենքներ են ընդունում, օրենքը այնպես են ձեւակերպում, որ հանքարդյունաբերությունը ավելի արագ զարգանա, զարգանա ի հաշիվ գյուղատնտեսության, տուրիզմի եւ այլ ճյուղերի, որովհետեւ իրենք ներգրավված են հանքարդյունաբերության բիզնեսի ոլորտներում, որը թույլ է տալիս շատ արագ ու մեծ քանակությամբ հարստանալ: Իրենք դիտավորյալ ադ տարածքներում չեն զարգացնում տնտեսական որեւէ ճյուղ, որպեսզի մարդիկ ստիպված վազեն ցանկացած հանքարդյունաբերական վտանգներ ներկայացնող ցանկացած աշխատանքի»,-ասում է ակտիվիստը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ




















































