Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագիրը գրել է «էկոնոմիկայի նախարարությունում նստած մի չինովնի՞կ»

Հունիս 23,2012 11:29

Համենայնդեպս, նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նման տպավորություն է ստացել

«Եվս մեկ անգամ ապացուցեցին, որ հանրությունը անտեսված է»,- կառավարության ծրագրի նախնական քննարկումներից նման տպավորություն է ստացել առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, քանի որ կառավարության ծրագրի քննարկումն, ըստ նրա, փակ է ընթացել, կառավարության տարբեր ճյուղերում: Նրան վստահություն չի ներշնչել նաեւ այն փաստը, որ կառավարության ծրագիրը ներկայացվեց կառավարության ձեւավորման հրամանագրից անմիջապես հետո. «Հին նախարարները՝ հասկանալի է, բայց նոր նախարարները, ինձ թվում է, գրեթե մասնակցություն չեն ունեցել ծրագրի ձեւավորմանը: Այս ծրագրի իրականացման համար պատասխանատվություն կրելու հարցում խզում է առաջանալու»: Բուն ծրագիրը մեր զրուցակիցը գնահատում է այսպես. «Խորհրդային, մոռացված պաթոսը բերել են 21-րդ դարի երկրորդ տասնամյակ»: Նոր կառավարության՝ արդեն ընդունված նոր ծրագիրը, նախկին նախարարի գնահատականներով, գրեթե չի տարբերվում 2008-2012-ի ծրագրից: Նոր առաջարկներ, մոտեցումներ նա գրեթե չի տեսնում ու այնպիսի տպավորություն ունի, որ այս ծրագիրը «գրել է էկոնոմիկայի նախարարությունում նստած մի չինովնիկ՝ այստեղից-այնտեղից copi-past է արել եւ լցրել մի փաստաթղթի մեջ»: Ի տարբերություն ՀՀԿ-ականների հայտարարությունների, թե ծրագիրը ձեւավորվել է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի համադրումից, մեր զրուցակիցը համարում է, որ այն նախորդ կառավարության ծրագիրն է՝ մի փոքր համեմված ՀՀԿ նախընտրական ծրագրով: Ավելին, նրա կարծիքով՝ հեղինակները մի փոքր շփոթել են «նախընտրական ծրագիր» եւ «կառավարության ծրագիր» հասկացությունները, եւ տեղ գտած ձեւակերպումներն ավելի շատ նախընտրական ծրագրի ֆորմատում են: Արարատ Մկրտչյանն անգամ տրամաբանական շաղկապվածություն չի գտել տնտեսական, ֆինանսական, սոցիալական, կրթական հատվածների մեջ. «Հապճեպ, առանց նախապատրաստելու, քննարկելու՝ հնարավորինս լայն մասնագիտական շրջանակների ներգրավմամբ է ստեղծվել այս ծրագիրը»: Նա խորհրդարանի համար վիրավորական է համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ իրականացման մեխանիզմների մասին ուղղված հարցի այն պատասխանը, որ չեն ցանկացել ծավալուն փաստաթուղթ ներկայացնել. «Այսինքն՝ մեր հարգարժան պատգամավորները ի վիճակի չէի՞ն այն ընթերցել, պարզել: Վարչապետը նաեւ ասաց, որ իրենք փորձ են արել հիմնադրույթները ներկայացնել: Վարչապետը ճիշտ է ասել, սրանք հիմնադրույթներ են, ծրագիր չէ, բայց Սահմանադրությունը ամրագրում է, որ կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի, ոչ թե հիմնադրույթներ»:

Առավել մասնագիտական վերլուծությամբ համեմատելով հին եւ նոր կառավարությունների ծրագրերը՝ առողջապահության նախկին նախարարը նկատում է, որ ծրագրի այդ մասում բերված են զուտ հատվածային դրույթներ, եւ չկա իրավիճակային որեւէ վերլուծություն՝ հիմնված վիճակագրական տվյալների վրա. «Գոնե մի քանի հիմնական ցուցանիշներ կարելի էր բերել, որոնք կհիմնավորեին առողջապահության ոլորտում իրականացվելիք քայլերը: Դա նաեւ ընդհանուր ծրագրի մասին կարելի է ասել. պարզ չէ՝ ի՞նչ ելակետային ծրագրեր ունենք, եւ նախատեսված քայլերն ի՞նչ կերպ կբարելավեն ոլորտը»: Առողջապահական ծրագիր կազմողները, ըստ մեր զրուցակցի, բացարձակ անտեղյակ են առողջապահության համաշխարհային զարգացումների միտումներից, որոնց առիթով կազմակերպված համաժողովներին մասնակցում եւ վերջնական փաստաթղթերին համաձայնություն է տալիս նաեւ ՀՀ-ն: Դրանցից վերջինը տեղի է ունեցել երկու ամիս առաջ՝ Ժնեւում, որին նաեւ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ են մասնակցել: Առողջապահության բաժնում նախկին նախարարը առաջարկվող քայլերի շաղկապվածություն էլ չի տեսել, բայց գովելի է համարում, որ նախորդ կառավարության ծրագրից հանվել է Հայաստանում առողջապահական տարածաշրջանային կենտրոն ձեւավորելու խնդիրը: Փոխարենը՝ նախորդ ծրագրում առկա ընդամենը երկու ցուցանիշները՝ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը 15 տոկոսի հասցնել եւ ոլորտում բյուջետային հատկացումները ՀՆԱ-ի 2,2 տոկոսին հասցնել, նույնպես հանվել են: Մեր զրուցակիցը այս ամենից հետո էլ հարկ չի համարում խոսել բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշներից. «Չկա նաեւ համակարգի կառավարելիության բարելավման որեւէ տող: Մինչդեռ կառավարման համակարգը առողջապահության ոլորտում շատ ցածր մակարդակի է: Սեփականության տարբեր ձեւեր են գործում, եւ կառավարման առումով մենք պետք է ակնկալենք, որ կորպորատիվ կառավարման գոնե հիմունքներ պետք է կառավարությունը դներ իր առջեւ: Ֆրագմենտալ ցանկություններ են. ասենք՝ «բարելավենք մատչելիությունը եւ որակը»: Կառավարությունից կառավարություն գնացող ձեւակերպում է, որի իրականացման ճանապարհը չի երեւում: Թող ծավալուն, հաստափոր փաստաթուղթ լիներ, բայց գոնե հասկանալի լիներ, թե ի՞նչ քայլեր են արվելու, որ բուժօգնությունը դառնա մատչելի եւ որակյալ»: Նախկին նախարարի կարծիքով՝ անտեսված են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերլուծությունները, որ կոռումպացված ոլորտներից մեկը առողջապահությունն է, եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ որեւէ քայլ արված չէ: Ավելին, նրա կարծիքով՝ ծրագրում բերված դրույթներն իրենց մեջ լուրջ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում. «Ոչ մի քայլ չկա, որը բուֆերների ստեղծման խնդիր է լուծում, մինչդեռ մասնագետները խոսում են ճգնաժամի երկրորդ ալիքի մասին: Նորից սարքավորումներ են նախատեսում ձեռք բերել, շենքեր վերանորոգել, միջազգային կառույցներում կրթել մասնագետներին: Դա վատ բան չէ, բայց ֆինանսական հատկացումների շատ նվազ լինելու, դոլար-դրամ հարաբերության պայմաններում այսօր նորից նոր սարքավորումներ ներկրել, երբ վերջին տարիներին բավականաչափ ներկրվեցին… դեռ հարց է, թե արդեն եղածները որքա՞ն արդյունավետ են օգտագործվում եւ որքանո՞վ են պետպատվերի սահմաններում հասանելի բնակչությանը: Նորից թանկարժեք սարքավորումներով լցնել հիվանդանոցային համակարգը, երբ կարելի է ավելի դյուրին ծրագրերով բնակչության առողջության պահպանման խնդիրներ լուծել: Այսինքն՝ ծրագրում չկա առաջնահերթությունների ձեւավորման խնդիր: Կառավարության ծրագրում ամրագրվելիք խնդիր չէ արյունաբանության եւ օնկոլոգիական ժամանակակից կենտրոնների ստեղծումը: Կառավարությունը պետք է հանրային խնդիրներ ամրագրի իր ծրագրում»:

Արարատ Մկրտչյանի համոզմամբ՝ եթե իրապես ոլորտում դրական տեղաշարժ կատարելու ցանկություններ կան, առաջին թեզերից մեկը պետք է լինի. «Առողջությունը դեռ այն ամենը չէ, որն անհրաժեշտ է մարդուն, բայց առանց առողջության նրան այլեւս ոչինչ պետք չէ»: Հարգանք տածելով իր նախկին գործընկեր, նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի նկատմամբ՝ Արարատ Մկրտչյանն այնուհանդերձ վերախմբագրում է նրա այն միտքը, որ մարդը պետք է չվախենա հիվանդանալուց. «Մարդը պետք է նույնիսկ շատ վախենա հիվանդանալուց, որպեսզի առողջ ապրելակերպ վարի, բայց չպետք է վախենա բուժհիմնարկ դիմելուց: Դրանք տարբեր բաներ են»:

Արարատ Մկրտչյանը խորհուրդ է տալիս, այնուհանդերձ, ուսումնասիրել եւ կառավարության ծրագրում ներգրավել ՀԱԿ-ի կողմից մշակված «Առողջապահության բնագավառի բարեփոխումները եւ առողջապահական քաղաքականության հիմնադրույթները», նաեւ՝ ՀՅԴ-ի առողջապահական ծրագրի հիմնադրույթները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930