Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայումս նման է մի համակարգչի, որը սպառել է իրեն և կախվել է ծանրաբեռնվածությունից

Հունիս 26,2012 10:33

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության համագումարին, ինչպես նաև հանդիպում է ունենալու Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Քեթրին Էշթընի հետ: Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում սա Սերժ Սարգսյանի երկրորդ այցն է Բրյուսել, իսկ այդ ընթացքում մի այց էլ կատարել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը բավական սերտացրել է հարաբերությունը Եվրամիության հետ, և այդ առումով նաև շատ հետաքրքրական է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեի խոսքը այն մասին, որ Հայաստանն այնքան է շահագրգռված ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությամբ, որ չնայած Լիտվայում նախընտրական իրավիճակով պայմանավորված իր զբաղվածությանը, հանգստյան օրերին այց է կատարել Հայաստան:

Այս ամենն, իհարկե, վկայում է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերության իսկապես լուրջ խորացման մասին, բայց միևնույն ժամանակ, նաև դրան զուգահեռ, հրապարակվել է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ, որտեղ բավականին կոշտ գնահատականներ կան հայաստանյան իրականությանը, ինչպես նաև կան բավական կոնկրետ ու խիստ ակնկալիքներ Սերժ Սարգսյանից: Դրան զուգահեռ, երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային` թերևս փորձելով պահել հավասարակշռությունը և ավելորդ խանդ չառաջացնել Ռուսաստանի մոտ: Թե որքանով է դա հաջողվում Սերժ Սարգսյանին՝ մի կողմից ջերմացնել հարաբերությունն Արևմուտքի հետ, մյուս կողմից` ժամանակ շահել բարեփոխումների արևմտյան պահանջների պարագայում և մյուս կողմից` չառաջացնել Ռուսաստանի խանդը, դժվար է ասել:

Բանն այն է, որ արտաքին այն տպավորությունը, թե Սերժ Սարգսյանը բավական լավ մանևրում է, բավականին խաբուսիկ է: Խաբուսիկ է այն պարզ պատճառով, որ Հայաստանում ներկայումս իրավիճակը, ըստ էության, կախված է օդից: Կախված է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, իրավական, հոգեբանական: Հայաստանը ներկայումս նման է մի համակարգչի, որը սպառել է իրեն և կախվել է ծանրաբեռնվածությունից, ու կարիք կա վերբեռնման կամ այսպես ասած` «ռեսթարթի»: Եվ դա անխուսափելի է, որովհետև Հայաստանը չի կարող կախված կամ անջատված մնալ: Ավելին` Հայաստանը նույնիսկ «ֆորմատի» կարիք ունի: Եվ խնդիրն այն է, թե ով է լինելու մեր երկրի ծրագրային օպերատորը: Դրա համար բավական ինտենսիվացել է Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը, ու Հայաստանի իշխանությանը ավելի ու ավելի դժվար է դառնում թե՛ մանևրել այդ երկուսի միջև, թե՛ ընտրել որևէ մեկին:

Բայց այստեղ պետք է արձանագրել, որ այդ օպերատորը կարող ենք լինել ինքներս մենք: Եվ ավելին՝ պարտավոր ենք լինել ինքներս մենք, որովհետև սա մեր երկիրն է, մեր պետությունն է, այստեղ մենք ենք ապրել, ապրում և ապրելու, հետևաբար մենք պետք է արդիականացնենք՝ «ռեսթարթ» տանք կամ ընդհանրապես «ֆորմատ» անենք մեր պետական համակարգիչն ու շարունակենք դրանով աշխատել, աշխատել առավել բարդ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930